Մի ամբողջ օր համբերատար հետևում եմ, թե ինչեր են վերագրում ինձ, ու՞մ եմ «ցավացրել» և ովքեր են փորձում իմ հաշվին ինքնահաստատվել…
Իսկ իրականում ինչ հեշտ է սոցիալական հարթակների գոյության պայմաններում ուղղորդված ազդել հանրային կարծիքի վրա և ինչքան հեշտ է հանրությունը ենթարկվում այդ ազդեցությանը:
Արածս վերջին գրառումը սպորտային «արդարության և դատաստանի» մասին չգիտես ինչու հատուկ ուղղորդվեց լրիվ այլ դաշտ: Այն, որ վերջին 1,5 տարին հանրայնորեն բարձրաձայնում եմ ըմբշամարտի հավաքականում թույլ տրված սխալներն ու անարդար որոշումները, անպատժելիությունը, կարծես լրջորեն ոչ մեկին չհետաքրքրեց: Եվ չգիտես ինչու, հիմա էլ թողած որոշում կայացնող մարմնին, գրառումս վերագրեցին մեկին, ով այդ որոշումների կայացման վրա ունի զրո ազդեցություն և որի հետ պայքարելու ես այլևս ոչինչ չունեմ:
Դրա փոխարեն ըստ իս, շատ տեղին կլիներ գոնե հիմա քննարկել-հասկանալ, թե ի՞նչ էի այսքան ժամանակ ասում, ի՞նչ ազդեցություն ունեցան նման որոշումները հավաքականի արդյունքների վրա, ինչքա՞ն վնաս հասցվեց Հայաստանի Հանրապետությանը սպորտային բարձրագույն հարթակում և կարո՞ղ էինք արդյոք ավելի շատ մեդալներ ունենալ… կարծես այս թեման տաբու է դարձել թե՜ մասնագիտական, թե՜ սպորտասեր հանրույթի շրջանում:
Այսքան լուրջ հարցեր թողած՝
ենթադրություններ եք անում, վերագրում ինձ մտքեր և հետո ակտիվորեն քննադատում՝ բացարձակապես չտիրապետելով հարցի էությանը:
Փորձեք մի փոքր ավելի խորանալ:
Նման մակերեսային ,թափթփված, անպատասխանատու գործելաոճը բոլոր ոլորտներում կործանարար է, ինչին և մենք ականատես ենք լինում ամեն օր(ցավոք):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել