Pastinfo.am-ը գրում է.

Վերին Շորժայում իրավիճակն այս պահին ավելի լարված է, քան Սոթքում։ Սոթքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ Գեղարքունիքի Վերին Շորժայում են հիմնական մարտերն ընթանում` նշելով, որ հիմա մի քանի բնակիչներով ուղևորվում են դեպի Վերին Շորժա։ 

«Բարձրանում ենք էնտեղ, Վերին Շորժայում են հիմնական մարտերը շարունակվում։ Այս պահին էլ ինտենսիվ մարտեր են։ Դիրքի տղաների հետ ենք կապվել, գիշերը ժամի 3-ից սկսվել են կրակոցները և մինչև հիմա շարունավում են», - ասել է նա։
Զրուցակիցը նշեց, որ այսօր սահմանային իրավիճակի հետևանքով երեք զոհ կա, տեղեկություն կա, որ զոհերից մեկը Սոթքից է, բայց այն դեռ հստակեցման կարիք ունի։

«Մեզ անհրաժեշտ էր առաջնային հասկանալ մեր տղաներին ինչ է անհրաժեշտ, որ հասցնենք, բայց, որ կռիվը շարունակվում է՝ փաստ է։ Փորձել են առաջանալ, անգամ առաջխաղացում են ունեցել, բայց, եթե չեմ սխալվում, այս պահին իրենց նախնական դիրքում են, հետ են գնացել՝ համաժեք պատասխան ստանալով»։

Սոթքի բնակիչը նշեց, որ Վերին Շորժայում բնակիչները շատ չեն, այստեղ հիմնականում մարդիկ սեզոնային աշխատանք անելու համար են լինում՝ անասնապահությամբ են զբաղվում։ Արդյոք սարատեղիներո՞ւմ են ընթանում մարտերը` մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հստակ տարածքի մասին տեղեկություն չունի։

«Տեղեկություն չունեմ, թե կոնկրետ ո՞ր հատվածում են մարտերը, բայց Վերին Շորժայի հատվածում են, որովհետև Սոթքում, Կութում, Նորաբակում համեմատաբար հանգիստ է, Շորժան է անհանգիստ։ Մեկ դիրքի ուղղությամբ չեն կրակոցները,այլ 4-5 դիրքի ուղղութամբ կապվել ենք, անձամբ լսել կրակոցները, ինտենսիվ ու շատ կրակոցներ են ու չենք կարողացել շատ հարցեր տալ»։

Սոթքում էլ ժամը 9-ի դրությամբ կրակոցներ չէին լսվում, բայց գիշերը ինտեսնիիվ են եղել։ Սոթքի հանքի աշխատակիցներն ամբողջովին տարհանվել են, անգամ տեխնիկաներն են հանքի տարածքից իջեցվել Սոթք գյուղի ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել