Երևանի ավագանին երկու տարի անց կրկին արտահերթ նիստով պատրաստվում է քննարկել աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնելու հարցը։
Պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացումը այլընտրանք չունի, սակայն այն պետք է լինի կատարած արդյունքի հետևանք, ինչպես նաև խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի, այդ թվում քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը պետք է լինի նպատակ-գործառույթ շղթայի հետևանք։
Նախագծի հիմնավորումը անդարացված չէ՝
• 10 տարի աշխատավարձ չի փոփոխվել։ Իսկ 10 տարի անց քաղաքապետարանի նպատակներն ու գործառույթներն էլ չե՞ն փոխվել։
• Աշխատավարձի ֆոնդը չի ավելանում, քանի որ այս գումարը հիմա պարգևավճար են ստանում։ Այսինքն փաստում ենք, որ պարգևավճար ստացել են որպես հավելավճար, ոչ թե լրացուցիչ և արդյունավետ աշխատանքի դիմաց, ինչը նույնպես անտրամաբանական է։
Բազմաթիվ գործառույթներ կրկնվում են քաղաքապետարանում և վարչական շրջաններում։ Անհրաժեշտ է դրանք բացառել առաջին հերթին բնակչության սպասարկման հարցում։
Բնակչության թվի 10 անգամ տարբերություն ունեցող վարչական շրջաններում բազմաթիվ ոլորտներ ունեն նույն աշխատակիցների թվաքանակը։
107 հոգանոց վարչությունը չունի վարչության պետի տեղակալ, 36 հոգանոց վարչությունն ունի պետի երկու տեղակալ։ Եվ այսպես շարունակ։
Քաղաքապետարանի անկախության գործոնը չի կարող թույլ տալ նման որոշում կայացնել առանց պետական ամբողջ համակարգի։ Խնդիրը ոչ միայն նախարարից բարձր վարձատրվող թաղապետն է լինելու, այլ նույն պետական համակարգի կադրերի արտահոսքը կամ արտահոսքի ձգտումը դեպի քաղաքապետարան։
Ընդ որում, քաղաքապետարանի բյուջեի ընդամենը 20%-ն է սեփական եկամուտները, որի կեսը ուղղվում է աշխատավարձերին, հետևաբար փաստացի պետական բյուջեի կառույց հանդիսացող մարմինը պետք է համադրի նման որոշումը կառավարության որոշումների հետ։
Միայն Երևանում նման փոփոխությունը շարունակելու է խորացնել մարզերի զարգացման խնդիրը. կրթության, աշխատանքի նպատակով ներքին միգրացիան ավելի է վատթարացնելու մարզերում որակյալ կադրերի առկայությունը։
Ի վերջո, համայնքային ծառայության որակի ի՞նչ բարձրացում է սպասվում այս ամենի արդյունքում։ Քաղաքացուն վատ սպասարկող և համայնքային ծառայությունը որակով չկատարող աշխատակիցը ազատվելու՞ է աշխատանքից՝ տեղը զիջելով որակյալ կադրերի, թե՞ սրա արդյունքում Երևանը և երևանցին ոչինչ չի ստանալու։
Եվ կրկին, նման որոշումների արտահերթ ռեժիմով ընդունումը պարզապես անընդունելի է։ Երկու տարի առաջվա չընդունած նախագիծը մի քանի կոսմետիկ փոփոխություններով, նորից դնել քննարկման առանց բովանդակային փոփոխությունների, խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի որակը ունի լուրջ քննարկման կարիք։
Հ.Գ. Երկու տարի առաջ մանրամասն ասել եմ ինչ պետք է անել։ Երկու տարի ոչինչ չարվեց։ Դեռ հնարավորություն ունեք օգտվել հրապարակային այս առաջարկից՝ ավելի արդյունավետ կառավարում ունենալու նպատակով։ Երկու տարի անց նման առաջարկներ չեմ անելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել