Tert.am-ը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական միջադեպերի քանակի աճը կասկածի տակ է դնում երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման հարցը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը` նկատելով, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հանգստացրել է Բաքվին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին ընդդիմության` իշխանության վերադառնալուց:
«Ընդդիմությունը սպառնում էր չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել է 44-օրյա պատերազմը»,-գրում է լրագրող Էմանուել Գրինշպանը` Հայաստանի մայրաքաղաք Երևանից 50 կմ հարավ` Նախիջևանի մատույցներումտեղի ունեցած բախումներին:
«Չորեքշաբթի, հուլիսի 14-ին, փոխհրաձգության հետևանքով հայ զինվոր է սպանվել, ադրբեջանցի մեկ զինվոր վիրավորվել է: Ուրբաթ նույն վայրում տեղի է ունեցել ևս մեկ բախում, որի արդյունքում ոչ ոք չի տուժել: Վերջին օրերին փոխհրաձգություններ են տեղի ունեցել նաև Շուշա քաղաքի (հայերեն ՝ Շուշի) շրջակայքում, Լեռնային Ղարաբաղի սրտում` տարածքում տեղակայված 2000 ռուս խաղաղապահների քթի տակ: Թշնամական երկու ճամբարները հրաժարվում են պատասխանատվությունից այս միջադեպերի համար», - ասվում է հոդվածում:
Գրինշպանը նկատում է, որ պատերազմից հետո երկու երկրների թշնամությունը չի հանդարտվել, բայց հունիսից ի վեր Ռուսաստանի միջոցով բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել:
«Ադրբեջանը դժկամորեն ազատում է զինադադարից հետո գերեվարված հայերին՝ Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի կողմից ականապատված տարածքների քարտեզների փոխարեն: Վերջին երեք տասնամյակների ընթացքում նրանք հարյուր հազարավոր ականներ են տեղադրել ՝ թշնամու առաջխաղացումը զսպելու հույսով», - նշում է հոդվածի հեղինակը:
Գրիշպինը նաև ընդգծում է, որ վստահություն չկա նաև Ադրբեջանի և արևմտյան երկրների միջև հարաբերություններում` օրինակ բերելով Բաքվի հրավերով դիվանագիտական կորպուսի քառասունից ավելի ներկայացուցիչների այցը Շուշի, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների կողմից այդ հրավերի անտեսման աղմկահարույց դեպքը:
«Երբ հուլիսի 9-ին Բաքուն կազմակերպեց դեսպանների այցը Շուշա (Շուշի)՝ Լեռնային Ղարաբաղը գրավելու խորհրդանշական քաղաք, 46 երկիր արձագանքեց: Բայց Մինսկի խմբի երկրներից (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) կամ Գերմանիայից ոչ մի ներկայացուցիչ չեկավ», - մեկնաբանում է լրագրողը` հավելելով, որ Իլհամ Ալիևը լավ հարաբերություններ է պահպանում Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Վաշինգտոնի, հատկապես Փարիզի հետ կապը կտրուկ վատացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: