Միայն քննադատությունը և սուր ընդդիմախոսությունը դեռ լավ քաղաքականություն իրականացնելու տոմսի իրավունք չէ: Մենք քաղում ենք այս սխալի արդյունքները: Այս սնանկ իշխանությունը ի սկզբանե կառավարումը չէր տարբերակում ֆլեշ մոբից, վարչարարությունը՝ ակցիայից, պետական քաղաքականությունը՝ կոնֆերանսի զեկույց կամ պրեզենտացիայից, ինֆորմացիոն քաղաքականությունը՝ բլոգեր-վլոգերությունից:
Արդյոք՞ բոլոր նրանք ովքեր ունեն հավակնություններ փոխարինելու այս տոտալ ապիկարությանը , ինչը հանգեցրեց պետության սննկացման հասկանում , ընկալում և տարբերակում են վերը նշվածները: Թե՞ շատերին թվում է, որ լավ քննադատությունն իրավունք է տալիս ունենալ և պարտադրել սեփական քաղաքական հավակնությունները:
Քաղաքականությունը միտք, ինտելեկտ, տեսլական, սկզբունքներ, բովանդակություն, ձևեր, մեխանիզմներ, մասնագիտություն, տեխնոկրատիզմ և գաղափար է պահանջում: Այս ամենը դեռ մինիմալն է, որ պետք է ունենալ և գործի դնել: Հակառակ դեպքում նորից «ժողովուրդ» բառը չարչրկողների հնարավոր նոր պլեադան ոչ միայն և ոչնչով չի տարբերվելու այսօրվա սնանկ պլեադայից, այլ հնարավոր է ավելի վատը լինի:
Իմ մասնագիտական լեզվամտածողությունն ինձ երբեք թույլ չի տվել օգտագործել «ժողովուրդ» բառը տեղի և անտեղի, առավելևս էժան քաղաքական շահարկման դիրքերից: Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա՝ իր ողջ պատմամշակույթային, ազգային էթնոբնութագրումներով և հավաքական գիտակցության անհրաժեշտությամբ:
«Հայ ժողովուրդը» քաղաքական շահարկման ենթակա կատեգորիա չէ, իսկ ապրիորի «ժողովուրդը», այլևս ոչ թե շահարկված բառ է, այլ շահարկումից վերջնականապես անդեմ, անհասցե և անանուն մի կերպար, որին հղում են անում համարյա բոլորը:
Հաղթելու է նա, ով քաղաքականապես գրագետ կերպով հղում կանի հասարակությանը, ընտրողին, պահանջատեր քաղաքացուն, աշխատավորին և գյուղացուն, մասնագիտական հանրույթներին, սոցիալական խմբերին : Հաղթելու են նրանք, ովքեր կկարողանան վեր հանել վերջիններիս առանձնահատուկ ձգտումները, շահերը, խնդիրները, պահանջներն ու երազանքները:
Սա բարդ և էներգատար գործ է: Գիտեք թե ինչու՞, որովհետև այլևս գործ ունեք կոնկրետ մարդկանց, շահախնդիր խմբերի, սոցիալական շերտերի և քաղաքացիների հետ, որոնք ունեն շատ հստակ և կոնկրետ հասցեներ և դեմքեր:
Այս դեպքում է միայն հնարավոր աշխատել հասցեական, մտածված և նրանց սպասումների բավարարման անմիջական պատասխանատվության ընկալմամբ: Իսկ անհասցե «ժողովուրդը» ինքնին կդառնա հայ հասարակություն, որը կստիպի դառնալ պատասխանատու անցյալում թողնելով մանիպուլացված «ժողովրդին»:
Այս դեպքում է «ժողովորդը» դառնում հասարակություն՝ հասկանալով և բյուրեղացնելով իր գերակայությունների կարևորությունը: Ամեն ինչ պետք է լինի քաղաքական օրգանական, այլ ոչ թե՝ ռեակցիոն քաղաքական շահադիտական մղումների հիմքով: Այս դեպքում է միայն հնարավոր կարգապահությամբ աճել և զարգանալ՝ կայուն և հարատև տեմպով, այլ ոչ թե մնալ տեղապտույտում՝ ստանալով հիասթափության հերթական չափաբաժինը:
P.S. Այս մարաթոնը դեռ նոր է սկսվում և պոպուլիստական ձգտումներ ունեցող այն բոլոր խմբերը, որոնք կարծում են, թե այսօրվա իշխող և արդեն նախկին թավշյա աննախադեպերի «հաջողության պատմությունը» կկարողանան կրկնել՝ արդեն պարտված են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել