Hraparak.am-ը գրում է.

Ամենազազրելին այն ինտելեկտուալներն են, այն խելացի ու կիրթ մարդիկ, որոնք ի սկզբանե հասկացել են, թե երկիրն ուր է գլորվում եւ լռել են կամ նպաստել այդ գլորվելու պրոցեսին։ Ձեր ասած՝ ժեխին ու զոմբիներին ներում կա, սրանց՝ չկա։ Սրանք նաղդ շահով, ստորաբար վաճառել են մեր երկրի շահը, հարվածի տակ դրել մեր պետականությունը, նպաստել, որ Նիկոլ Փաշինյանը սխալ սխալի ետեւից թույլ տա։ Խրախուսել ու ոգեւորել են նրան՝ կամ իրենց լուռ համաձայնությամբ, կամ որ ավելի է վատ է՝ խոսքով ու շատ կոնկրետ աջակցությամբ։ Երբեմն անգամ հարձակվել են այդ սխալները նկատողների ու մատնացույց անողների վրա՝ սաստելով ու ավելի ոգեւորելով անփորձ ու անփույթ իշխանություններին։

Ասենք, ով ինչ ուզում է ասի, ես ընդունակ չեմ հասկանալ ու բացատրել Լեւոն Տեր-Պետրոսյանի եռամյա պահվածքը։ Բոլոր կրիտիկական պահերին նա այս երեք տարվա ընթացքում «խփել»  է նախկիններին ու թաքուն աջակցել, նաեւ արդարացրել Փաշինյանին։ Նրա ամբողջ թիմը՝ քափ-քրտինք մտած, ֆեյսբուքում օրուգիշեր ճակատամարտեր էր մղում Փաշինյանի քայլերը քննադատողների եւ ազատ լրատվամիջոցների դեմ՝ սեւացնելով, դատափետելով, հոգեբանորեն ճնշելով այդ սխալների մասին խոսողներին։

Ով ասես կարող էր մոլորության մեջ լինել, չհասկանալ Նիկոլ Փաշինյանի խոսքի ու գործի հետեւանքները, չգիտակցել, որ երկիրը սեւուսպիտակի բաժանելը, քրեական-քաղաքական անիմաստ հետապնդումներ ծավալելը, դատարանների դեմ արշավը, դիվանագիտական կոպիտ սխալներն ու մեծամիտ-տղայական պահվածքը, մեկ՝ խաղաղություն, մեկ՝ պատերազմ քարոզելն ինչի կարող է հանգեցնել, բայց ես հրաժարվում եմ հավատալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ինտելեկտն ունեցող մարդը դա չէր գիտակցում։ Եւ չէր տեսնում, թե ինչպես է կամաց-կամաց հրաժեշտ տալիս ադեկվատությունը երկիրը ղեկավարողին, ինչպես  է նա իր անձի պաշտամունքով տարվում՝ կտրվելով իրականությունից եւ իրեն Հիսուսի հետ համեմատելով։ Ինչպես է պետական բյուջեն ծախսում՝ կարծես սեփական գրպանի գումարը կծախսի։ Ինչպես է կամայական ու չարդարացված նշանակումներ անում, համակարգեր քանդում, արժեքներ խորտակում, սուտն ու մանիպուլյացիան ներմուծում մեր կյանք։ Վստահ եմ՝ ամեն ինչ շատ լավ տեսնում էր, հասկանում էր։ Թերեւս, շատ ավելի լավ, քան մենք՝ շարքային քաղաքացիներս ենք տեսել ու զգացել։ Պարզապես ինչ-ինչ շահերից դրդված լռում էր, սպասում էր։

Ես չեմ հավատում, որ Փաշինյանի արարքներն արդարացնողներն ու նրան թեւ ու թիկունք դարձած շատու շատ մարդիկ, օրինակ՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը,կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ շատ ուրիշ հարգված ու գրագետ մարդիկ չէին հասկանում, թե երկրում ինչ է կատարվում՝ երբ լռում էին կամ գովաբանում Փաշինյանին եւ իր վարած քաղաքականությունը։ Ես նաեւ չեմ հասկանում, թե ինչքան պետք է նրանք եւ առհասարակ՝ նախկիններին մերժող մարդիկ, կուրացած լինեն այդ ատելությունից, որ համաձայնեն երկիրը կործանման տանելու փաշինյանական ծրագրին մասնակցություն ունենալ՝ միայն թե նախկինները հետ չգան։ Ինչքան պետք է չսիրեն իրենց երկիրը, ինչքան պետք է հայրենիքն իրենց համար գրոշի արժեք չունենա, որ բաց աչքով դիտեն կամ մասնակցեն երկիրը կործանման տանելու այս ամբողջ ընթացքին՝ չփորձելով կանխել դա, չփորձելով կանգնեցնել երկիրը կործանողների քայլերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել