Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանում 53 տարեկան կինը զույգ բալիկներ է ունեցել արհեստական բեղմնավորման ճանապարհով։

Ռուզաննան և ամուսինը ավելի քան տասը տարի փորձել են ծնող դառնալ, տարբեր մասնագետների են դիմել, բայց ամեն անգամ պատասխանը բացասական է եղել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ռուզաննան պատմեց, որ վերջին փորձը ձեռնարկել է երկու-երեք տարի առաջ, երբ արդեն գրեթե հույս չուներ, որ կհղիանա։

«Մենք դիմեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոնում բացված հայ-իսրայելական կենտրոն։ Հետո տարբեր հետազոտություններ անցա, և ինձ ասացին, որ որևէ առողջական խնդիր չունեմ։ Մեկ տարի անց իրականացրինք արհեստական բեղմնավորման գործընթացը», - պատմեց Ռուզաննան։

Առաջին փորձով տեղադրվել են երկու սաղմեր, և կինը հղիացել է. լուրն ուրախացրել է և՛ նրան, և՛ բժիշկներին։ Իհարկե, վախեր էլ են եղել. Ռուզաննայի տարիքի պատճառով բժիշկները ենթադրել են, որ կարող են բարդություններ լինել։

Այդպես էլ եղել է, հղիության վերջին ամիսներին Ռուզաննան չի կարողացել քայլել, սայլակով է շարժվել. ծնկահոդերի խնդիրներ են ի հայտ եկել։

«Չէին կարող բուժում նշանակել հղիության պատճառով, ստիպված էի դիմանալ սարսափելի ցավերին»,-ասում է Ռուզաննան:

Արդյունքում Լևոնն ու Էմիլը ծնվել են ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, ժամը 16:55-ին և 16:58-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել