Armday.am-ը գրում է․

Մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից հաստատված Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցում անդրադարձ է կատարվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հատկանշական է, որ ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը որոշվում է ԵՄ պետությունների ղեկավարների և կառավարությունների կողմից: Չնայած այս ամենին` Եվրախորհրդարանի կողմից ձեռնարկված այս քայլը կարևոր է այն առումով, որ առաջին անգամ ԵՄ մարմիններից մեկn այս «իդեալիստական շարժման» համար օգտագործում է «ահաբեկչական» բառը:

Զեկույցում ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:

Բացի այդ ԵԽ-ի զեկույցում առաջարկվում է ուշադրությամբ հետևել նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Զեկույցում այդ խմբավորումը ծայրահեղական և ռասիստական է որակվել, ինչպես նաև նշվել, որ դրա գործունեությունը մտահոգիչ է ոչ միայն Թուրքիայի, այլև ԵՄ երկրների համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդունվել էր Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից ներկայացված օրինագիծը:

Ըստ այդ օրինագծի` դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել