Pastinfo.am-ը գրում է.

Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից 2021թ մայիսի 17-ի դրությամբ կայացվել է 18 դատական ակտ, որով 18 անձ ճանաչվել է անհայտ բացակայող։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմին մասնակցող զինծառայողներից շատերի ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։ 44 օր տևած Արցախյան երրորդ պատերազմի ավարտից անցել է շուրջ վեց ամիս, սակայն մինչ այս պահը հանրությունից թաքցվում է հայկական կողմի զոհերի, պատերազմում անհետ կորածների և Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց իրական թիվը, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը գերազանցում է 5000-ը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե անհետ կորած զինծառայողների վերաբերյալ քանի դիմում է ներկայացվել դատարան՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու պահանջով և ներկայացված դիմումներից քանիսն է բավարարվել, քանի անձ է ճանաչվել անհայտ բացակայող։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Դատական դեպարտամենտից հայտնել են, որ Դատական ավտոմատացման համակարգ համակարգչային ծրագրի որոնման գործիքների միջոցով կատարվել են ուսումնասիրություններ, որոնք արդյունքում պարզ է դարձել, որ Արցախյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայողների վերաբերյալ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից 2021թ մայիսի 17-ի դրությամբ կայացվել է 18 դատական ակտ, որով 18 անձ ճանաչվել է անհայտ բացակայող։ Նկատենք, որ դեպարտամենտից չեն հայտնել, թե քանի դիմում է ներկայացվել դատարան՝ պատերազմում անհետ կորած զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելու պահանջով, տեղեկատվությունը տրամադրվել է միայն արդեն կայացված դատական ակտերի վերաբերյալ։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ 2021թ մայիսի 4-ի դրությամբ՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3752 մարմիններից և մասունքներից վերցված փորձանմուշ, որոնց համար լրացվել է 3396 մահվան մասին բժշկական վկայական, իսկ 286 անձի մարմիններից և մասունքներից վերցված փորձանմուշներին համընկնում չի եղել։ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ ևս հստակ թվային տվյալներ չկան, միայն հայտնի է, որ ՄԻԵԴ-ում մոտ 180 անձի վերաբերյալ գործ կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել