Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ես շատ հակասական զգացմունքներ ունեմ։ Նախ՝ ես թեև երեխա եմ եղել, բայց շատ լավ հիշում եմ 90-ականների Հայաստանը։ Ես հիշում եմ իրական թալանը, ես հիշում եմ իրական բեսպռեձելը, ես հիշում եմ իրական ընտրակեղծիքները։
Ես շատ լավ հիշում եմ նաև լևոնական մամուլի սրսկած թույնի բաժինները մեր հասարակությունում։ Ներազգային թշնամանքի ու ատելության այսօրվա այս անտառի սերմերը 1997-ից սկսած մեր երկրում ցանվում էին հենց Հիմնադիր Նախագահի, եթե ոչ ուղիղ հրահանգով, ապա առնվազն՝ լուռ համաձայնությամբ։
Բայց, թերևս, ուղիղ հրահանգով, որովհետև ես շատ լավ հիշում եմ նաև 2008 թվականը։ Կեղծիքների, ստերի ու ատելության այն հրեշավոր դոզաները, որն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր սփռում ժամանակին իրեն պետական գործիչ դարձրած հրապարակից․ թաթար-մոնղոլներ, ղարաբաղցի տականքներ, ավազակեպտություն, ռոբասերժական ևն, ևն, նույնպես հիշում եմ։
Ու երբ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ասում է, թե․ «Հրաժարիմ ի Նիկօլէ, եւ կնքահայրությունէ նորա, եւ ուսապարկաց նորա ․․․ հրաժարելով հրաժարիմ», նա իր հրաժարումը չի համեմում ապաշխարանքի, զղջման ու խոստովանության խոսքերով։ Եվ ուրեմն ի՞նչ արժեն այդ խոսքերն այսօր։
Այսքանով հանդերձ ես, իհարկե, հիշում եմ նաև արցախյան հաղթանակը։ Լևոնի հանդեպ ես նաև սուբյեկտիվ դրական զգացմունքներ ունեմ կապված զուտ մանկության նոստալգիայի հետ, բայց դա թողնենք։
Ու ամեն դեպքում, ինչպես էլ գնահատենք Լևոնի «համախառն» ամակը Հայաստանի պատմությունում (կարծում եմ՝ դա բացասական է), բայց նա պատմական նշանակալի ֆիգուր է։ Ու այդպիսի ֆիգուրի կողմից․ «Ռոբերտ, Սերժ կամ լավ, Սերժ, գոնե մենակ դու, ինձ էլ խաղացրեք էլի» ոճի հոդվածները ուղղակի ֆեյսփալմի նոպաներ են առաջացնում։ Նորմալ է, եթե Հայաստանի առաջին նախագահը ատելության թիրախ է, բայց բացարձակ անընդունելի է խղճահարության առարկա դառնալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել