168.am-ը գրում է․

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակեց հոդված, որտեղ անդրադաձավ մարտի 25-ին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին իր կողմից արված առաջարկին։

Ըստ առաջին նախագահի՝ ինքը պաշտոնաթող մյուս նախագահներին առաջարկել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնաբար՝ «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Այս հոդվածի հրապարակումից անմիջապես հետո և՛ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակները հայտարարություն տարածեցին, որում ասված էր, որ արտահերթ ընտրությունների մասնակցելու իրենց նախընտրած ձևաչափի մասին արդեն հայտնել են և, ըստ էության, մերժեցին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական գործիչ Լևոն Մարտիրոսյանը, խոսելով պաշտոնաթող նախագահների՝ համատեղ ընտություններին մասնակցելու առաջարկի մասին, նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը պայմանավորված է նրանով, որ պայքարում են այնպիսի մի հակառակորդի դեմ, որը պահանջում է բոլոր ուժերի մեկտեղում, սակայն իր համար հստակ է մեկ բան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն անիրագործելի է։

«Բայց այդ անիրագործելիությամբ հանդերձ՝ Առաջին նախագահի այդ քայլը պետք է մտորելու տեղիք տա։ Ես լիովին համաձայն եմ, որ գործող իշխանության վերարտադրությունն ավելի մեծ վտանգ է լինելու մեզ համար, քան կարող է մեզ սպառնալ թուրք-ադրբեջանական տանդեմից, ու հստակ է նաև, որ այս իշխանության դեպքում ապագան բացակայում է՝ որքան էլ նրանք պնդեն, որ իրենց հետ ապագա կա։ Ակնհայտ է նաև, որ այս ամենի դեմ պայքարն ընտրություններն են, որոնք ժողովրդավարական գործընթացներ են, և պետք է գնալ դրանց։ Քաղաքացին պետք է գնա և չքվեարկի գործող իշխանությանը, և այդպես հարցը լուծի։ Պետք չէ արհեստական փուչիկ հնարել, թե այս իշխանությունն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, իրականում այդպես չէ, այս ամենի պատճառը մեկ անձի ձեռքում գերկենտրոնացված լիազորություններն են, որոնք պետք է վերցնել»,- ասաց Լևոն Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա կայացվող որոշումներն ապացուցում են, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ նախորդ բոլոր նախագահները ստեղծել են քաղաքական սխալ համակարգ, նրանցից յուրաքանչյուրը գրել է այնպիսի Սահմանադրություն, որով կկարողանար իշխել, սակայն կյանքը ցույց տվեց, որ որևէ մեկն էլ այդ Սահմանադրությունը չկարողացավ վայելել։ Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ հագնել ուրիշի համար կարված կոստյումն ու հիմա էլ անում է այն, ինչ ուզում է, ուստի հիմա հրատապ է դարձել Սահմանադրության փոփոխությունը, հակակշիռների սահմանումը»,- ասաց Մարտիրոսյանը՝ վստահեցնելով՝ որքան էլ ջանա, միևնույն է՝ Փաշինյանը չի կարողանալու այս լծակներն իր ձեռքում երկար պահել և հեռանալու է։

«Ընտրություններից պետք չէ վախենալ, այս 30 տարիների ընթացքում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել, բայց հիմա պետք չէ ընտրությունից վախենալ։ Նույնիսկ չփոփոխված այս Սահմանադրությամբ ընտրության գնալն էլ շատ ավելի լավ է, որովհետև ընտրությունների բացակայության դեպքում գործող իշխանությանը որևէ վտանգ չի սպառնում, որովհետև որևէ իրավական ճանապարհ չկա նրանց հեռացնելու, ուստի քաղաքացիները պետք է հստակ ընտրությունների գնացող ուժերից ծրագրեր պահանջեն, օրինակ, փորձեն հասկանալ՝ այս Սահմանադրությունը փոխելո՞ւ են, թե՞ ոչ, Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը, որի դեմ իբրև թե պայքարում էր Փաշինյանը, փոխելո՞ւ են, թե՞ ոչ։ Ես վստահ եմ՝ չեն փոխելու, որովհետև ուզում են գան և վայելեն միանձնյա իշխանությունը, ուզում են Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը հիմա էլ իրենք հագնեն»,- ասաց Մարտիրոսյանը։

Քաղաքական գործչի փոխանցմամբ՝ ընտրություններն անհրաժեշտ են՝ անկախ նրանից, թե որքան վարչական ռեսուրս կկիրառի այս իշխանությունը, իսկ որ կիրառելու է և ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, ինքը դրանում կասկածներ չունի։

«Եթե մենք նորմալ հասարակություն ենք, միևնույն է, ինչքան ուզում են՝ թող վարչական ռեսուրս կիրառեն, միևնույն է՝ պետք է գնալ ու նրանց չքվեարկել։ Հասարակությունն այս անգամ չպետք է գնա փրկչի հետևից, մարդիկ մտածում են՝ մի թագավոր լինի, գա հարցերը լուծի. ընտրության գնացին փրկիչ գտնելու հույսով, իշխանության բերեցին հիմար, անխելք, անտաղանդ մեկին, որն իր պատկերացումները փաթաթեց ամբողջ ժողովրդին, ու քանի որ օրենքով էլ միանձնյա ամեն ինչ կարող է անել, արեց, հետևաբար՝ պետք է լրջանալ, չփնտրել փրկիչ ու պետությունը կառուցել գլխից՝ Սահմանադրությունից»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել