Tert.am-ը գրում է.

Աբրահամը հստակ ասում  էր, որ ինքը ֆիդայի է, գուցե շատերը լուրջ չէին վերաբերվում այս խոսքին, բայց ինքն իր խոսքի տերն եղավ: Արդարության համար պայքարելը, ազնիվ ապրելը, ընկերներին նվիրվելն ամբողջովին նկարագրում է նրան: Պաշտում էր հայրենիքը, որի համար զոհվեց: Ընկերներին չէր պարտադրում նույն ուղղով գնալ, բայց այն նպատակը, որը նա ուներ, հիմա արդեն իրագործել է: Երեք ընկեր էինք, հիմա հավերժ ընկերությունը մեր մասին է: 44-օրյա Արցախյան պատերզմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին Tert.am-ը զրուցել է հերոսի ընկերներ Տիգրան Թևոսյանի և Հովհաննես Դալլաքյանի հետ: 

25-ամյա Աբրահամ Մարուխյանը սովորել է Եվրոպական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում, որից հետո գերազանցությմաբ սովորել  ու ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ստացել լեյտենանտի կոչում: Ծառայել է Մատաղիսում՝ որպես մարտկոցի հրամանատար:

Ընկերները հիշում են, որ հերոսը միշտ խոսել է սպասվող պատերազմի մասին, ասել՝ ամեն ինչի պատրաստ է հանուն հայրենիքի, իրեն հայրենիքին նվիրելու, հայրենիքի համար զոհվելու ու իր տեղը Եռաբլուրում գտնելու:

Հովհաննեսն ասում  է, որ երեք ընկերներով ամբողջ կյանքում իմացել են իրար, մեկը մյուսի պատասխանատվությունն իր վրա վերցրել, պատժվելիս էլի միասին են եղել, երեք ընկերների միջև երբեք խտրականություն չի եղել, մի բան կամ երեքով պիտի ունենային, կամ՝ չունենային:

«Աբուլը շատ թեթև մարդ էր, ուրախ էր միշտ, հիմա նրան բոլորն էլ էդպես են հիշում: Քաղաքականությամբ երբեք չէր հետաքրքրվում, իր առաջնային ու կարևոր խնդիրը հայրենիքն էր, ֆիդայիներն էին: Հերոսների, Մոնթեի գաղափարներով էր ապրում ու իրենց նկարներով շապիկներ էր հագնում. սա էր իր նպատակը, հայրենիքն ամբողջովին ազատագրված էր ուզում տեսնել»,-հիշում է Հովհաննեսն ու ավելացնում, որ պատերազմից ամիսներ առաջ  հերոսն ասել էր՝ պատերազմ է սպասվում ու ես զոհվելու եմ:

Տիգրանը պատմում է, որ երբ Աբրահամն իմացել է պատերազմի մասին, հենց առաջին պահից որոշել է, որ պիտի գնա ու առանց երկար մտածելու, պատրաստվելու ՝դուրս է եկել: «Պապային ասել է՝ եթե ես չգնամ, բա ո՞վ գնա, ես պետք եմ, հորը խնդրել էր, որ չարգելի գնալուն ու ասել՝ պապ, հաստատ հետ կգամ: Շատ արագ է դուրս եկել՝ ոտքի վրա հագնվելով ու իրար խառնված: Աբուլը դեռ չէր մեկնել Արցախ, ճանապարհին էր, ես էլ Արցախ օգնություն տանելուց էի վերադառնում, խոսեցի իր հետ, ասացի՝ էս պատերազմն անծանոթների հետ գնալու պատերազմ չէ, սպասիր, միասին կգնանք ու միասին կգանք, խոսք տվեցի, բայց ասաց՝ Ապրիլյանին դու մասնակցեցիր, հիմա ես եմ գնում, որ դու չգնաս»,- պատմում է Տիգրանը և հիշում.  «Ընտանիքին ճիշտը չէր ասել, ասել էր, թե Ստեփանակերտում է: Երբ վերջին անգամ խոսեցի, ուզում էի հասկանալ, թե որ տարածքում է ու իմացա, որ Հորադիզում է, զարմացել էի, որովհետև ինձ համար տարօրինակ էր, թե ոնց էր Ջաբրայիլից այդտեղ հայտնվել: Հասկացա, որ վիճակն ահավոր վատ է ու Ջաբրայիլն էլ մերը չէ: Իր հետ խոսելուց ու գտնվելու վայրն իմանալուց երևի 24 ժամ հետո հասա էնտեղ: Երբ հասա 12-րդ ուղեկալ, ինքը 13-ում պետք է լիներ, նույն պահին իմացա, որ 13-րդ ուղեկալն էլ արդեն թշնամու տիրապետության տակ է: 12-ից կանգնել, անճար նայում էի ու չէի պատերկերացնում, թե ինչ պիտի անեմ, ինչ կարող էի անել, եթե  նույն տարածքից անասելի մեծ նահանջ ու փախուստ կար: Իրականում, ես ավելի շատ փախուստ էի տեսնում, ոչ թե նահանջ, իսկ Աբուլը հաստատ չէր փախնի, եթե փախներ, երևի հիմա լիներ: Չարեց»,-հիշում է Տիգրանը ու ասում, որ որևէ մեկը չէր համարձակվի իր հետ առաջ գնալ ու Աբուլին փնտրել, բայց ընկերոջ՝ զանգերին չպատասխանելը միայն թողնում էր մտածել, որ ամեն դեպքում ուշացել են:

Աբրահամ Մարուխյանի ընկերը հիշում ՝ նույն պահին հակառակորդը նաև հրետանակոծել է այն տարածքը, որտեղ ինքն է եղել ու տարածքում նահանջի հրահանգից հետո արդեն որևէ այլ տարբերակ չի եղել Մարուխյանին գտնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել