ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի վերահսկողության տակ գտնվող շինհրապարակում (Երեւան Մոլի հետնամասում) այս պահին ձնկաբուծարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Նախատեսվում է մետրոյի աշխատանքի համար անհրաժեշտ ջրային ռեսուրսը ուղղակի չվատնել, այլ նաև օգտագործել ձկնաբուծական նպատակներով:

ArmLur.am-ի նկարահանող խումբը եղել է այդ շինհրապարակում՝ պարզելու, թե շինաշխատանքները որ փուլում են, ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպես եւ ով է որոշել այդ հատվածում ձկնաբուծարան կառուցել: Նկատեցինք, որ տարածքում շինարարաներն էին աշխատում եւ մետրոպոլիտենին պատկանող այդ հատվածում լայն թափով շինարարություն էր ընթանում: Զրուցեցինք շինարարական աշխատաքները գլխավորող մի անձնավորության հետ, որը Համլետ անունով ներկայացավ և հայտնեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե կառույցն իրենից ինչ է ներկայացնում: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ինչ-որ ֆերմա են կառուցում, բայց թե ինչ է վերջում ստացվելու չի կարող ասել:

Ի դեպ, մեր զրույցի ողջ ընթացքում ինչ-որ մի տղամարդ էր մոտենում մեր զրուցակցին ու հայտարարում, թե հեռախոսով ուզում են իր հետ խոսել: Համլետն էլ հեռախոսով խոսելուց անմիջապես հետո հայտարարեց, թե այդ տարածք մտնելը արգելվում է ու մեզ հետ կկապնվեն շինհրապարակի ղեկավար կազմից ու կպատասխանեն մեր հարցերին: Բայց մինչ օրս մեզ հետ որեւէ մեկը կապ չի հաստատել:

Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե ովքեր են թույլ տվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի վերահսկողության տակ գտնվող տարածքը վերածել շինհրապարակի և ձկնաբուծարան կառուցել, տեղում մեզ չհաջողվեց պարզել, քանի որ մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը մեզ փոխանցել էր, թե «Որևէ իրավաբանական և ֆիզիկական անձ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, այդ թվում և Ձեր կողմից հիշատակված «Երևանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում» որևէ շինարարական աշխատանք չի իրականացվում»:

Բայց մենք տեղում արձանագրեցինք շինաշխատանքները ու զարմանալի է, թե ինչու է հերքում Գևորգ Ավետիսյանը։

Ի դեպ, ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել նաև տարածքի սեփականության վկայականը, որտեղ հստակ նշված է, որ տարածքը պատկանում է մետրոպոլիտեին: Իսկ դա նշանակում է, որ առանց մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի անդամների համաձայնության եւ իմացության, անհնար է այնտեղ ինչ-որ բան կառուցել: Իսկ խորհրդի անդամներն են մետրոպոլիտենի ժպ Գևորգ Ավետիսյանը, մետրոպոլիտենի խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանն ու Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Շինհրապարակում տեղեկացանք նաեւ, որ շինարարների հետ ֆինանասական հարցերը կարգավորում է Սամվել անունով մի մարդ, որը նախկինում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում: Թե ով էր, մեզ պարզել չհաջողվեց։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանից հրաժարվում են պատասխանել մեր հարցերին։ Ու արդեն երկար ժամանակ։

Հուսանք՝ գոնե հրապարակումից հետո կպարզաբանեն, թե ով և ինչու է մետրոյի հաշվին ձկնաբուծարան կառուցում. ինչ գումարներով և ամենակարևորը՝ ուր են գնալու ձկնաբուծարանից ստացված եկամուտները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել