Armeniasputnik.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին»,-նշված է տեքստում:

Կոչի հեղինակները շեշտում են, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը:

«Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ կալանավորվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների համաձայն»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներ է ստացել։

Համաձայն ՀՀ կառավարության տրամադրած տեղեկատվության` վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020–ի դեկտեմբեր և 2021–ի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած։ 249 հայերից 72-ը դեռևս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից։

Ինչ վերաբերվում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում:

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում՝ ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իր մոտ մնացածները «ահաբեկիչներ են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել