Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանում ժողովրդագրական լուրջ մարտահրավերներ կան, և այս ծրագիրը միտված է դրանց լուծմանը։ Ծրագրի շրջանակում մինչ օրս արդեն 62 երեխա է ծնվել: Այս տարի 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի:

Ծնելիության խթանման ծրագրերից մեկը` արհեստական բեղմնավորումը, պետպատվերով, այսինքն` անվճար կդառնա մի քանի խումբ մարդկանց համար։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը։

«Պետական պատվերով արհեստական սերմնավորում և բեղմնավորում կարող են անել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողները, զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները և ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 և ավելի միավոր գնահատված», – ասաց Փաշայանը։

Նրա խոսքով` Հայաստանում ժողովրդագրական լուրջ մարտահրավերներ կան, և այս ծրագիրը միտված է դրանց լուծմանը։

«Մեր երկրում վերարտադրության գործակիցն այսօր 1.6 է, իսկ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ ցուցանիշը լինի առնվազն 2.1։ Իսկ անպտղության խնդրին բախվում են կանանց 14.9, տղամարդկանց` 9.5%-ը», – ասաց նա։

2020-ին այս ծրագրի շրջանակում իրականցվել էր 49 սաղմիկների տեղադրում, իսկ 2021-ին արդեն 44 տեղադրում է իրականացվել: Այս տարի 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի: Ծրագրի շրջանակում մինչ օրս արդեն 62 երեխա է ծնվել:

Նշենք, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանն աճող բնակչություն ունեցող երկիր չէ։ ՀՀ–ում 21-րդ դարի կեսին 2,8 մլն մարդ կապրի` ներկայիս 2,9 մլն փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել