2019-ին մի գյուղում ծանոթացա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, ով նշանակվել էր իշխանության կողմից և պատրաստվում էր մասնակցել գյուղապետի ընտրությանը։
Խորհուրդ էր հարցնում, թե ինչպես պետք է կարողանա ընտրողների վստահություն շահել։ Ասացի, որ ամենակարևորը անկեղծ լինելն է, ոչ թե անկեղծ ձևանալը, պետք է փոխել սովորական դարձած կեղտոտ ու անդեմ գյուղի կերպարը, գլխավոր փողոցներում տեղադրել պետական դրոշը և մեր հերոսների, գյուղի ճանաչված և հեղինակավոր բնակիչների մեծ լուսանկարները, որպեսզի տեղացիների մոտ զարթոնք ապրի ինքնության գաղափարը։ Նաև խորհուրդ տվեցի բանակցել հնարավոր ներդրողների հետ, որպեսզի գյուղում գոնե ինչ-որ արտադրամաս բացվի։
Հեգնեց, թե մտածում էր՝ ես բան եմ հասկանում տեխնոլոգիաներից։ 2018-ի հեղափոխության ժամանակ, ասաց, իրենց հիմնական թիրախը եղել են երեխաները։
«Երեխաները շատ բան չեն հասկանում, շուտ ոգևորվում են, մի երկու սիրուն բան էլ որ ասում ես, հետները շփվում ես, դրանց թվում է, թե իրենք իրականում մեծ արժեք են, արդեն գնահատվում են։ Էդ միամիտ երեխաներն էլ վազում են տուն ու պատմում իրենց ծնողներին։ Իսկ հայ ծնողի համար ո՞րն է ամենակարևորը՝ իր երեխայի երջանկությունը։ Ահա՝ երջանիկ է երեխան, մնացած ամեն ինչ երկրորդական է։ Թե չէ՝ ի՞նչ ազգային հերոս, ի՞նչ դրոշ, ի՞նչ գործարան։ Կարևորը մարդու աչքն ու ականջն են, ոչ թե ուղեղը։ Միջին կիսագրագետ մարդը հենց տեսավ, որ գյուղապետը իր նման հող է փորում, լսեց, որ իրեն գյուղապետը գովերգող բառեր է ասում, միանգամից դառնում է քո գերին»,-խոսքն ավարտեց իշխանության թեկնածուն՝ ինձ խորհուրդ տալով ավելի ռացիոնալ նայել իրողություններին։
Շաբաթներ անց այդ թեկնածուն 90 տոկոս ձայնով ընտրվեց գյուղապետ։ Երեխաները իրենց ծնողներին ստիպել էին քվեարկել միայն նրա օգտին, քանի որ իրենց հետ ընկերություն է անում։ Օրերս ծանոթացա առաջին կուրսի մի ուսանողի հետ, ով, պարզվեց, այդ գյուղից է։ Հարցրի իրենց սիրելի գյուղապետի մասին։ Ասաց, թե իրենք նրան պետք էին ընտրության ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել