Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել նորաստեղծ «Ազգի ձայն» կուսակցությունով։ Մհեր Արմենիան պատասխանել է «Փաստինֆո»-ի հարցերին։

- Ինպե՞ս քաղաքականություն մտնելու որոշում կայացրեցիք։ Արդյո՞ք ոգեշնչվել եք մինչ այս շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից, որոնք ևս քաղաքականություն են մտել։

- Այո մենք մասնակցելու ենք ընտրություններին։ Մեզ մոտ լինելու են տարբեր ոլորտներում հեղինակություն ունեցող մարդիկ, հայրենասերներ, ազգի նվիրյալներ, որոնց գիտելիքները և աշխատանքը, վերաբերմունքը միանշանակ կօգտագործենք հանուն մեր ազգի, ժողովրդի և մեր հասարակության։

- Չե՞ք վախենում քննադատություններից։ Նախկինում տեսել ենք, թե ինչպես Շուշան Պետրոսյանը, Հայկ Մարությանը մտան քաղաքականություն և շատերը քննադատում էին նրանց՝ ասելով, որ նրանք ավելի սիրված էին իրենց ոլորտներում։

- Քննադատություններ միշտ կան, և ես բացարձակ չեմ վախենում դրանցից, առավել ևս եթե դրանք առողջ քննադատություններ են։ Այդ կարծրատիպը, որ արտիսը, մուզիկանտը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, պետք է վերանա։ Պետք է հասկանանք, որ այդ գնահատականը, որը պետք է հնչի, տալիս են այն մարդիկ, որոնք հետևում են այդ գործունեությանը։ Եթե դու այդ գործունեությունը կատարես լավ, վստահ եմ, որ հանդիսատեսի կողմից այդ սերը չի կորի։ Թեկուզ եթե նա դադարի զբաղվել քաղաքականությամբ, նրա գործերը կմնան և տեսանելի կլինեն։ Այստեղ շատ կարևոր է յուրաքանչյուրի մոտեցումը։ Իմ մոտեցումը լուրջ է որպես արտիստ, որպես մշակութային գործիչ, որպես ՀՀ քաղաքացի։ Այդ ամենը պետք է արվի հանուն բարի գործերի, մեր պետականության։

- Այժմ ներքաղաքական լարված իրավիճակ է, նաև բազմաթիվ խնդիրներ կան երկրում, ո՞րն է ձեր տեսլականը, ի՞նչ ծրագիր ունեք։

- Մենք արդեն ունենք ծրագիրը, որը կներկայացնենք ապրիլի 21-ին մեր կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ Մենք բերելու ենք նոր որակ, նոր ոճ, նոր քաղաքական մշակույթ և նոր աշխատելաոճ, որի մեջ չի լինելու ագրեսիա, ատելություն։ Աշխատելով ընդդիմադիր դաշտում՝ մենք բերելու ենք այն, ինչը բարին է, որի մեջ կա աշխատանքային գործընթաց։ Չարությունով լցված խոսքեր, աշխատանքային նմանատիպ վերաբերմունք չի լինելու։ Լինելու են բարիդրացիական հարաբերություններ ցանկացած կուսակցության հետ։ Մենք բոլորի հետ աշխատելու ենք, բացառում ենք չարությունը։ Դա լինելու է նոր որակ, նոր մշակույթ քաղաքականության մեջ։

- Հավակնում եք ընդդիմությու՞ն լինել։

- Այո, հավակնում ենք լինել պետականամետ, ազգային ընդդիմություն։ Ունենք գաղափարախոսություն, որի շուրջ հավաքված են այն մարդիկ, որոնք սատարում են այդ գաղափարախոսությունը և պատրաստ են հանուն մեր ծրագրերի համախմբվել և աշխատել, որպեսզի երկիրն այս ծանր, դժվար վիճակից դուրս բերենք։

- Ի՞նչ եք կարծում ձեր կուսակցութունը հնարավորություն ունի՞ խորհրդարան անցնելու։

- Միանշանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել