«Այս շաբաթ կառավարությունն ընդունել է որոշումներ՝ գիտության և գիտատեխնիկական գործունեության զարգացման, ինչպես նաև կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքները վերացնելու մասին: Առաջին հայացքից թվում է, որ այդ որոշումներն այնքան էլ կապ չունեն այսօրվա իրավիճակի, այսօր քննարկվող արդիական խնդիրների հետ: Բայց այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել միայն մակերեսային մոտեցման դեպքում:

Հասկանալու համար, թե ինչու են կրթության և գիտության դեմ որոշումներ ընդունվում, պետք է անդրադառնալ այն հարցին, թե որն է ներկայիս իշխանության սոցիալական բազան, որ «ընտրազանգվածն» է, որ անվերապահորեն աջակցում է Փաշինյանին: Երբեմն հանդիպում եմ տեսակետի, որը, կարծում եմ, ձևավորվել է ռուսաստանյան որոշ շրջանակների «պասով». այս իշխանությունը հենվում է «մի խումբ սորոսականների» վրա:

Եթե խոսքը մի շարք հ/կ-ների մասին է, ապա, այո, դրանք 2018 թվականից հետո աշխատում են՝ ելնելով հիմնականում իշխանության շահերից: Բայց դրանք ընդգրկում են մի քանի տասնյակ մարդու, ու նման քանակը «սոցիալական բազա» չես կարող կոչել: Այնպես որ, ամերիկացի բիզնեսմենն այստեղ որևէ կապ չունի: Բարձրաստիճան չինովնիկները, օլիգարխները, իմքայլականները և նրանց հետ փոխկապակցված այլ շահագրգիռ անձինք նույնպես, մեծ հաշվով, եղանակ չեն ստեղծում:

Փաշինյանի «սոցիալական բազան» պետք է այլ տեղ փնտրել: Դրա հիմքն են մարդիկ՝ ցածր կրթական ցենզով, տեղեկացվածության գրեթե զրոյական մակարդակով, իրականությունից կտրված, միֆական աշխարհում ապրող: Երբ նրանց խոսեցնում ես (իսկ ես դա հաճախ եմ անում), նրանք չեն ասում, որ Փաշինյանն իմաստուն ղեկավար է, արդյունավետ պետական գործիչ է կամ՝ որ կառավարությունն ինչ-որ դրական քայլեր է ձեռնարկում: Գլխավոր թեման, որին անդրադառնում են այս ընտրազանգվածի ներկայացուցիչները, ոչ թե վարչապետն է կամ կառավարությունը, ոչ թե երկրի ներկայիս աղետալի վիճակն է, այլ… անցյալը: Նրանք կենտրոնացած են անցյալի վրա, և Երրորդ հանրապետության անցած ճանապարհը բնութագրում են մեկ նախադասությամբ՝ «30 տարի այս երկիրը թալանել են»: Իսկ Փաշինյանն, իր հերթին, ընկալվում է որպես մի առասպելական հերոս, որը միշտ պայքարել է այդ չարիքի դեմ:

Իհարկե, այդ հույզերը դատարկ տեղը չէ, որ առաջացել են՝ նախորդ երեք իշխանությունները չեն տվել այդ մարդկանց արժանապատիվ կյանքի հնարավորություն, նորմալ կրթություն և բարոյական կողմնորոշիչներ: Ոչ ոք իրավունք չունի այդ մարդկանց մեղադրելու՝ պարզապես արձանագրում եմ վիճակը: Եվ այս վիճակում որքան քիչ են կրթված մարդիկ, այնքան ձեռնտու է ներկայիս իշխանությանը: Իսկ 30 տարվա պատմությունը… Ինչպես ասել է Ժան-Պոլ Սարտրը, ոչինչ չի փոխվում այնքան հաճախ, որքան անցյալը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել