Նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարելի է համարել Ռուսաստանի, նրա ղեկավարության, անձամբ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի անվիճելի ձեռքբերումը, որոնց ներդրումը համաձայնության գալու հարցում անգնահատելի է: Եռակողմ հայտարարությունը վերջակետ է դրել մարտական գործողություններին, սակայն այն միևնույն ժամանակ պետք է նաև մեկնարկ դառնար Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար: ՌԴ-ի հավակնությունները՝ որպես միջնորդի, որպես հետաքրքրված կողմի, չէին կարող սահմանափակվել միայն հրադադարով: Ռուսաստանը ցանկացել է և ցանականում է տարածաշրջանում կայունություն, կանխատեսելիություն, գործընկերություն և բաց սահմաններ տեսնել:

Ադրբեջանի համար այդ հայտարարությունն իր հաղթանակի «կիսաճանաչում» է: Եվ թեև պաշտոնական Բաքուն փորձում է իր ժողովրդին «երջանիկ աչքեր» ցույց տալ, այնուամենայնիվ, չի կարող թաքցնել որոշակի նյարդայնությունը՝ կապված այն բանի հետ, որ չեն կարողացել ստանալ առավելագույն հնարավորը փաստաթղթի ստորագրման ժամանակ: Թեև, իհարկե, սեպտեմբերի 26-ին Ադրբեջանը երազել անգամ չէր կարող նման արդյունքի մասին, որը գրանցվել է նոյեմբերի 10-ին:

Հայկական կողմի համար նոյեմբերի 10-ը, իհարկե, ամոթ և կապիտուլացիա է: Սակայն այդ փաստաթուղթը տարբեր կերպ են ընկալում հայ ժողովուրդը և Նիկոլ Փաշինյանը: Քանի որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը Նիկոլի համար իր աթոռը պահելու առիթ է: Պատահական չէ, որ նա ցանկանում է Հայաստանում բոլորին հավատացնել, որ իր հեռացումը կբերի նոր պատերազմի: Նա շահարկում է և կեղծավորություն է անում՝ փորձելով համոզել Ռուսաստանին, որ միայն հայտարարությունը ստորագրած անձը կարող է իրականացնել այն, և որ իր հեռացումը վարչապետի պաշտոնից կխարխլի այդ հայտարարության կետերը կյանքի կոչելու հնարավորությունները:

Ռուսաստանում կան նաև այնպիսիք, որոնք մտահոգվում են, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները կսկսեն սեփական խաղը վարել, որում հնարավոր է ամեն ինչ՝ նախկին պայմանավորվածություններից հրաժարվելուց մինչև նոր արկածախնդրություն և պատերազմ: Սակայն Ռուսաստանը չի կարող չտեսնել նաև այն ռիսկերը, խնդիրները, մարտահրավերները, որոնք կապված են Նիկոլի և նրա իշխանության անցողիկության հետ:

Ադրբեջանն, իր հերթին, տորպեդահարում է հայտարարության իրագործումը, ինչի վկայությունն են պահվող ավելի քան 100 ռազմագերիները: Մոտեցումների և սպասումների տարբերությունը ստիպում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը համեմատել սովորական փուչիկի հետ, որը կարող է պայթել ցանկացած պահի: Հիշում ե՞ք. «Փուչիկը մտածում էր, որ իր մեջ կյանք են լցրել, սակայն պարզվեց, որ իրեն փչել են» («Воздушный шарик думал, что в него вдохнули жизнь, но оказалось, что его надули»): Հայտարարությունը, որը կանգնեցրել է արյունահեղությունն Արցախում և կարող էր դառնալ առաջին քայլը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, կարող է նոր կայծ դառնալ, եթե դրա հետ այնպես վարվեն, ինչպես հիմա վարվում են այն ստորագրած կողմերը: Փաստերը թաքցնելը և հայտարարության շուրջ պտտվող առասպելները, ինչպես նաև դրա իրականացման անհամաչափությունը կարող են հանգեցնել նրան, որ վերջում մենք կստանանք միայն Օսմանյան կայսրության հավակնություններ ունեցող Թուրքիայի հանդիսավոր վերադարձը մեր տարածաշրջան: Դա՞ էին արդյոք ակնկալում նրանք, ովքեր կանգնեցնում էին պատերազմը Ղարաբաղում: Միանշանակ, ո՛չ:

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ իր բոլոր թերություններով և չմշակված կետերով, անկասկած, կարող էր մեկնարկ դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար: Եվ իհարկե, ռուսական ծրագիրը կարող է բերել դրան, և այն իրատեսական է: Սակայն կա մեկ «բայց». այդ ամենը հնարավոր է իրական օբյեկտիվ ձգտումներ ունեցող իրական խաղացողների, իրական բանագնացների և Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու և տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իրական պատրաստակամության առկայության պարագայում:

Ահա այստեղ մենք պետք է վերադառնանք և սթափ գնահատենք իրականությունը: Նիկոլ Փաշինյանը, որի ծրագրման հորիզոնը սահմանափակվում է իր աթոռի արմնկալով, պարզապես անհամատեղելի է որևէ լուրջ ծրագրի և երկարաժամկետ հեռանկարի հետ: Ալիևը, որը Ղարաբաղյան կարգավորման ընթացիկ կարգավիճակը դիտարկում է որպես միջանկյալ և, օգտվելով Նիկոլի թուլությունից, փորձում է առավելագույն օգուտ ստանալ ստեղծված իրավիճակից: Հակամարտությունը կարգավորված չէ, չի կարող կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կենտրոնանալու են առևտրի և ոչ թե խաղաղության վրա: Քանի դեռ հայկական կողմի նպատակը լինելու է ոչ թե կարգավորումը, այլ իշխանության պահպանումը, հայտարարության ոգին, էությունը չեն իրագործվի: Մեծ նախագծերը, իսկ կարգավորումը անկասկած մեծ է, պետք է վարեն պրագմատիկ, կանխատեսելի և պատասխանատու գործընկերները: Հակառակ դեպքում դրանց իրագործումը քիչ հավանական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել