Hraparak.am-ը գրում է.

Ղարաբաղ թող տանեն նրանց, ովքեր կառավարության դիմաց պատ կազմած պաշտպանում են կառավարությանը, մեր երեխեքի հետ գործ չունեն։ Թող դիպուկահարին տանեն, որ ուզում է հայ ժողովրդի վրա կրակի։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց բողոքի ակցիա իրականացնող զինծառայողներից մեկի ծնողը։

«Հիմա սրանք, որ երեխեքին ասում են՝ պիտի գնաք ու մի հատ էլ ուզում են քրեական գործ բացել, էդ ասողներից գոնե մեկը պատերազմ տեսե՞լ է, գիտի պատերազմի դաշտը ինչ բան է, իհարկե չգիտի։ Գորիսից կամ Վարդինսից էն կողմ ապրելու երաշխիք չկա, վերջ, չենք ուղարկում երեխեքին։ Օրենքով իմ երեխուն իրավունք չունեն ուղարկեն Ղարաբաղ, խի պիտի իմ երեխեն գնա ըննկի գերի, հլը մի հատ էլ տեռորիստ համարվի։ Հիմա քանի գերի երեխա ունենք ընդեղ, բա որ մենք հիմա չպայքարենք մեր երեխեքն էլ են գերի ընկնելու հաստատ։ Երեխեքի վրա ուզում եք քրեական գործ հարուցե՞լ, գործ հարուցեք էն սպաների վրա, ովքեր պատերազմի ժամանակ 18 տարեկան երեխուն թողել ու փախել են»,- պնդեց ծնողներից մյուսը։

Հիշեցնենք՝Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ  ՀՀ ՊՆ N զորամասում փետրվարի 23-ին տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։

«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել