Hraparak.am-ը գրում է.

Փետրվարի 1-ից Ռուսաստանը բացեց սահմանները ՀՀ քաղաքացիների առաջ, եթե, իհարկե, նրանք ունեն լաբորատոր թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ: «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» բջջային հավելված են փորձարկում, որով կարելի է թեստ հանձնել, իսկ սահմանը հատելիս ընդամենը ներկայացնել բջջային հավելվածի կոդը։ 

Լուրեր կան, որ թեստավորման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս: Ձեւավորվում է քովիդի մաֆիա, փողով թեստերի արդյունքներ են ստանում: Լաբորատորիաներն ահռելի գումարներ են աշխատում: Իսկ օդանավակայանում բարձիթողի վիճակ է: «Զվարթնոց»-ում մոտ 10 լաբորատորիա ժամանողներից տեղում թեստի նմուշառում է անում։ Սակայն չեն պահպանվում թեստ հանձնելու տարրական կանոնները՝ մարդիկ ինքնաթիռում սնունդ ընդունած են լինում։ Ձեւական նմուշներ են վերցնում ժամանողներից, ասելով՝ եթե sms գա, ուրեմն հիվանդ եք: 

Թեստի գինն էլ նուրբ թեմա է: Ինչպես են որոշել, որ թեստավորումն արժե 10-15 հազար դրամ, ոչ ոք չգիտի: Թեստավորում իրականացնող լաբորատորիաներում հակված չէին պաշտոնապես բացատրություն տալ, թե ինչպես է ձեւավորվում թեստի գինը: «Պրոմ Տեստ» ՍՊԸ-ից խոստացան միացնել տնօրենի հետ, բայց չմիացրին: Մեր հարցերին պատասխանեցին «Ա.Բ. Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայից: Պարզաբանեցին, որ թեստերի գինը՝ 15 հազար դրամ, լաբորատորիաները չէ, որ սահմանել են: Ըստ «Ա.Բ. Մեդ»-ի աշխատակցի, տարբեր լաբորատորիաներ ռեագենտի (քիմական ռեակցիային մասնակցող նյութի) տարբեր արժեք ունեն, եւ թեստի գինը կախված է լաբորատորիայի ծախսերից: «Մեզ մոտ առաջ 30 հազար դրամ էր թեստը: Ուղղակի քովիդի պայմաններից ելնելով՝ գինն իջեցվեց: Որեւէ եկամուտ մենք չունենք այդ 15 հազարից: Ոչ միայն մենք, նաեւ՝ մյուսները: Հազիվ ռեագենտների գինն է դա»,- ասաց լաբորատորիայի աշխատողը: Նա վստահեցրեց, որ 15 հազարը թեստի ինքնարժեքն է: Ո՞վ է ստիպում լաբորատորիաներին՝ մեկ ընդհանուր գին սահմանել, «Ա.Բ. Մեդ»-ում չասացին: 

Առողջապահության նախարարությունում վստահեցնում են, որ 15 հազար դրամը նախարարությունը չի սահմանել: Նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը վստահեցնում է, որ նախարարությունը գնագոյացման հարցերին չի խառնվում: «Դա մասնավոր հատված է: Նախարարությունը գների հարցերին չի խառնվում»: Եթե նախարարությունը կամ պետությունը չի խառնվում թեստի գին սահմանելու գործին, ապա ինչպե՞ս է ստացվել, որ ամենատարբեր 7 լաբորատորիաները, որոնց ծախսերը տարբեր են, նույն գինն են դրել՝ 15 հազար դրամ: Որոշ լաբորատորիաներ, ինչպես, օրինակ, «Նորմեդը» քովիդի թեստավորումն ընդհանրապես չի նշել ծառայությունների գնացուցակում: 

Խոսնակը հարցի չկարողացավ պատասխանել` մեզ ուղղորդելով ՏՄՊՊ հանձնաժողով:

Հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանին հարցրինք, թե ինչպես է ստացվել, որ բոլոր լաբորատորիաները նույն գինն են սահմանել կորոնավիրուսի թեստի համար: Նա հիշեցրեց, որ դեռ 2020-ի հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը հանդիպել էր COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ. Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն պլյուս վիրաբուժություն» ՍՊԸ-ի եւ «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավարների հետ եւ քննարկել ծառայության գնի հարցը: «Ընկերությունները պատրաստակամություն էին հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15 հազար դրամ: Սակայն կան ընկերություններ, որոնք 10-13 հազարով են ծառայություն մատուցում՝ կախված ժամկետից, թեստի հրատապությունից»,- ասաց Անի Սմբատյանը:

Ըստ նրա, ընկերությունները մինչ այդ հանդիպումը ավելի բարձր գներ էին սահմանում, սակայն պատերազմի, համավարակի պայմաններում նրանք հրաժարվել են իրենց եկամտի մի մասից: Փաստորեն, 15 հազար դրամը, եթե հավատանք ՏՄՊՊՀ-ին, դեռ էժան գին է: Իսկ ի՞նչ երաշխիք, որ մարդիկ գումար չեն վճարի՝ թեստ վերցնեն, առանց հետազոտման: Անի Սմբատյանը պատասխանեց, որ այդ հարցն իրենց չի վերաբերում: Վերահսկողությունն իրականացնում է առողջապահության նախարարությունը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել