Ամենայն հայոց բանաստեղծ, մեծագույն հայրենասեր և հումանիստ Հովհաննես Թումանյանը տասը զավակների հայր էր, նա ուներ չորս որդի և վեց դուստր: Ցավոք, ճակատագիրը անողոք գտնվեց Թումանյանի որդիների հանդեպ. նրանցից մեկը զոհվեց Վանում, իսկ երեքը՝ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան, և նրանք չորսն էլ անգամ գերեզման չունեցան:
ՄՈՒՇԵՂԸ բանաստեղծի ավագ որդին էր: Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո Մուշեղը ուսանում է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում: Երբ սկսվում է 1-ին աշխարհամարտը՝ նա ընդունվում է սակրավորների ուսումնարան, որն ավարտելուց հետո զինվորական ծառայության է անցնում Ալեքսանդրապոլում: 1916-ին հայ կամավորական ջոկատների կազմում մեկնում է սկզբում Իգդիր, հետո Դիադին, որտեղ աջակցում է բազմահազար արևմտահայ որբերին Երևանի նահանգ տեղափոխելուն: Պատերազմի ավարտից հետո Մուշեղը հաստատվում է Թիֆլիսում, զբաղվում ուսուցչությամբ և գրում է այգեգործության վերաբերյալ գիտական աշխատանքներ: Նա ամուսնանում է լեհուհի Մարիա Սոկալսկայի հետ և ունենում երեք զավակ՝ Անահիտ, Նադեժդա և Վիգեն: 1937-ի նոյեմբերին Մուշեղ Թումանյանն անհիմն մեղադրանքով ձերբակալվում և աքսորվում է Սիբիր, որտեղ էլ մեկ տարի անց մահանում է անհայտ հանգամանքներում: Մուշեղի որդին՝ Վիգենը, որը փաստացի հայ մեծ բանաստեղծի տոհմի միակ շարունակողն էր հանդիսանում, զոհվել է խորհրդա-գերմանական ռազմաճակատում՝ 1941 թվականի վերջին:
ԱՐՏԱՎԱԶԴԸ, երկրորդ որդին, կամ Արտիկը՝ ինչպես հարազատներն էին դիմում նրան, սովորել է Թիֆլիսի Լիսիցյան պանսիոնում, ապա Ներսիսյան դպրոցում և նկարչության ու քանդակագործության ուսումնարանում, որտեղ կերպարվեստի առաջին դասերն է առել նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Ուսանել է նաև Մոսկվայում` Կելինի նկարչական ստուդիայում: Արտավազդը բացառիկ շնորհներով օժտված տաղանդաշատ երիտասարդ էր՝ հրաշալի նկարում էր, գրում էր պիեսներ, բանաստեղծություններ, արձակ գործեր, հանդես գալիս արվեստաբանական հոդվածերով: Հովհաննես Թումանյանը յուրահատուկ վերաբերմունք է ունեցել Արտիկի նկատմամբ՝ տեսնելով նրա մեջ իր գործը շարունակողին: Հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում, 1918-ի սկզբին, Արտավազդը կամավոր մեկնեց Արևմտյան Հայաստան, դառնալով Վան քաղաքի պարետը: Այստեղ փոքրաթիվ հայ կամավորները և ավերված քաղաք վերադարձած բնակիչները ջանքեր էին գործադրում վերականգնել և պահպանել հայկական այդ հնագույն բնօրրանը: Սակայն ուժերն անհավասար էին. Արտավազդը, տակավին 24 տարեկան, հինգ հոգուց կազմված վերջնապահ խմբի հետ միասին զոհվում է թուրքերի հետ անհավասար մարտում 1918-ի մայիսին՝ Վանից հայ բնակչության վերջին նահանջի ժամանակ: Արտիկի նահատակությունը, ինչպես բանաստեղծի մտերիմներն են վկայել, մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա վախճանը:
ՀԱՄԼԻԿԸ, Թումանյանի երրորդ որդին, ավարտելով Ներսիսյան դպրոցը, 1916-ին մեկնում է Կովկասյան ռազմաճակատ, Անդրանիկ Զորավարի հայկական կամավորական գունդ, և մասնակցում ռազմական գործողություններին: 1919-ի ապրիլից նա աշխատում է Երևանում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, սկզբում որպես արարողակարգային բաժնի պետ, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար: 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Համլիկը կրկին վերադառնում է իր պարտականությունների կատարմանը, սակայն ապստամբության պարտությունից հետո նա ստիպված է լինում հեռանալ Երևանից՝ Հայաստանի ղեկավարների հետ միասին Սյունիքով անցնելով Պարսկաստան: Այնտեղից տեղափոխվում է Փարիզ, որտեղ ընդունվում է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը: 1924-ին, օգտվելով հայտարարված համաներումից, Համլիկը վերադառնում է Թիֆլիս և սկսում է աշխատել Անդրկովկասի մամուլի բաժնում, այնուհետև բանվորական ուսումնարանում և Վրաստանի ԳԱ-ում: Նա ունեցել է մեկ դուստր՝ Նեկտարը: ԽՍՀՄ-ում 1917-1991 թթ. բռնաճնշումների զոհերի տվյալների բազայի «Բաց ցուցակից», որը կազմել է «Мемориал» միջազգային կազմակերպությունը, տեղեկանում ենք, որ Համլիկ Թումանյանը 1937-ի սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում նիստ գումարած ռազմական կոլեգիայի կողմից անհիմն մեղադրանքով դատապարտվել է գնդակահարման, և հաջորդ իսկ օրը, սեպտեմբերի 14-ին, դատավճիռն ի կատար է ածվել, հուղարկավորման վայրն անհայտ է:
ԱՐԵԳԸ բանաստեղծի կրտսեր որդին էր, Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո՝ 1918-ին անցնում է կոմկուսի շարքերը: Հետագայում Արեգը բնակություն է հաստատում Մոսկվայում, սովորում է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Նա դասավանդել է Արևելքի ժողովուրդների համալսարանում և գրել տնտեսագիտական հոդվածներ: Վերջին պաշտոնը եղել է՝ Կոմկուսի կենտկոմի գյուղատնտեսական բաժնի պետի տեղակալ: Ունեցել է մեկ դուստր` Սուրման: «Мемориал» կազմակերպության տվյալների համաձայն, Արեգ Թումանյանը ձերբակալվել է 1937-ի հուլիսին, իսկ 1938-ի հունիսին դատապարտվել՝ նույն անհիմն մեղադրանքով: Նա գնդակահարվեց և թաղվեց եղբայրական գերեզմանում 1938-ի հունիսի 14-ին՝ Մոսկվայի տակ գտնվող «Коммунарка» հատուկ պահպանման օբյեկտի տարածքում: 1991-ին մահացած և Պետերբուրգի Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը թաղված Արեգ Թումանյանի այրու՝ Ամալյա Թումանյան-Փիլիպոսյանի շիրմաքարի վրա հիշատակված է նաև նրա ամուսնու՝ Արեգ Թումանյանի անունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել