Այսօր ցնցվեց Երևանի ընդերքը, մի քանի վայրկյան, ընդամենը մի քանի վայրկյան:
Բոլորս ցնցվել էինք, վախեցել, անհանգստացել, դուրս եկել մեր տներից, աջ ու ձախ էինք վազում, ծնող ու երեխա փնտրում, հեռաքրքրվում ու անհանգստանում նրանց համար:
Իսկ մի քանի ամիս առաջ, պետական դավաճանության ու խմբակային հանցագործության հետևանքով ցնցվում էր Արցախի հողը, ցնցվում էր ամեն արկի պայթյունից, առանց ընդհատվելու, 44 օր . . .
Մեռնում էին մեր տղերքը, ծնողներ ու երեխաներ, քանդվում էին տներ ու շենքեր . . .
Չէինք պատկերացնում, թե ինչ է դա, ինչ էին զգում արցախցիները, Հայրենիքի համար կյանքի ու մահվան կռիվ տվող զինվորները, երբ նրանց ոտքերի տակ, թշնամու արձակած հրթիռների պայթյունի հետևանքով, ցնցվում էր հողը, պայթում էր երկինքը . . .
Հիմա երևի զգացինք, հասկացանք, թե ի՞նչ էին զգում Արցախի երեխաները ամեն րոպե, ի՞նչ տագնապի մեջ էին ծնողները . . .
Երևի զգացինք, միգուցե հասկացանք, վստահ չեմ . . .
Բայց հույս ունեմ, որ մեր սեփական տան տանիքի ճոճքն ու ոտքերի տակի ցնցումը կհասնի մեր հոգուն, կսթափեցնի մեր միտքը, կբացի մեր աչքերը և վերջապես կտեսնենք այն, ինչ մեզնից խնամքով թաքցրել են, ստել ու կեղծել են, զանազան տեխնոլոգիաներով ակտիվացրել են մեր միջի չարությունը, ատելությունը, չկամությունը:
Հ.Գ. Աստված մեզ խնայեց այս անգամ, երկրորդ անգամ և վերջնականապես չպատժեց մեզ ու չավիրեց մեր տները:
Հաջորդ անգամ չի ներելու . . .
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել