Armday.am-ը գրում է.

Օրեր առաջ 168․am-ը գրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իրան կատարած աշխատանքային այցի վերջին օրը ձախողել է կաթնամթերքի գործարան այցը, քանի որ նախորդ օրը գինարբուքով է զբաղված եղել եւ չի կարողացել գնալ հանդիպման։ Այցի չեղարկման մասին պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվեց, սակայն Վահան Քերոբյանն օրերս «Սպուտնիկ-Արմենիա» լրատվամիջոցի եթերում հերքել էր իր հարբելու մասին լուրերը, ասելով․ «Գինաբուքի հետ կապված տեղեկությունը ծիծաղելի, անամոթ սուտ է, նման բան չի եղել, հաջորդ առավոտյան ժամը 8-ից շարունակել եմ աշխատանքային առօրյան» եւ պատմել էր, որ կաթնամթերքի գործարան այցը չեղարկել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, քանի որ նախորդ օրը նախատեսված այցի՝ «Իրան–Հայաստան» առևտրի պալատի գրասենյակ տանող ճանապարհը բավականին երկար է եղել, և դեսպանն ասել է, որ՝ «այդ այցն անհամեմատ ավելի կարևոր է, ուստի չեղարկեց հաջորդ առավոտյան նախատեսված հանդիպումը»։

Դեսպան Թումանյանն այս պատմությունը դեռեւս ոչ հաստատել է, ոչ հերքել, փոխարենը մեզ հետ կապվեց իրանահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը եւ որոշ մանրամասներ փոխանցեց։ Մասնավորապես, ասաց, որ կաթնամթերքի գործարան այցը նախատեսված է եղել վաղ առավոտյան՝ ժամը 9-ին, գործարանում մոտ երկու ժամ սպասել են հայ նախարարի այցին, սակայն նա չի եկել, գործարանի ադմինիստրացիայի հետ է կապվել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը եւ փոխանցել, որ նախարարը նախորդ օրը թունավորվել է, չի կարող այցելել իրենց։ ԱԳՆ աշխատակիցն ասել է, որ ամենայն հավանականությամբ խմիչքից է թունավորվել, սակայն մեզ զանգահարող իրանահայն ավելի մեծահոգի էր եւ ասում էր՝ գուցե սննդից է թունավորվել։ Սակայն իրանահայ համայնքում տեղյակ են, որ նախորդ երեկոյան տեղացի հայ մեծահարուստները որոշել են նախարարին պատիվ տալ եւ մասնավոր հավաք են կազմակերպել՝ իրենցից մեկի տանը, որտեղ բնականաբար խմել են, ճոխ հյուրասիրություն են կազմակերպել, ինչի հետեւանքն էլ եղել է մյուս օրվա այցի ձախողումը։ 

Ինչ վերաբերում է նախարարի կողմից իր մասին հրապարակումներին տրված որակումներին եւ հերքումներին, գործող իշխանությունների ստին ու կեղծիքին մեզ այնքան են վարժեցրել, որ դրանից այլեւս չենք զարմանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել