Ճապոնիայում դեռահաս աղջիկը հայց է ներկայացրել Տոկիոյի դատարան ընդդեմ իր նախկին դպրոցի։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ աղջկան դպրոցից հեռացրել են ժամադրությունների գնալու արգելքը խախտելու պատճառով։ Աղջիկը նախկին դպրոցից 3,7 մլն իեն (շուրջ 35 հազար դոլար) փոխհատուցում է պահանջում։

Պարզվում է՝ 2019 թվականին Տոկիոյի մասնավոր դպրոցներից մեկի վարչակազմն իմացել է, որ աշակերտուհիներից մեկը հանդիպում է պատանու հետ։ Աղջկան առաջարկվել է հեռանալ դպրոցից։ Նրան սպառնացել են՝ եթե դպրոցը չփոխի, ապա չի ստանա ավարտական վկայական և բուհ ընդունվելու համար անհրաժեշտ երաշխավորագիր։ Դրանից հետո աշակերտուհին ստիպված է եղել այլ դպրոց տեղափոխվել, բայց որոշել է բարոյական փոխհատուցում պահանջել նախկին դպրոցից՝ իր անձնական կյանք ներխուժելու փորձի համար։

Դատարանում աղջիկը պատմել է, որ ուսուցիչներն իրեն իսկական հարցաքննության են ենթարկել՝ փորձելով պարզել` ժամադրության ժամանակ սեռական հարաբերություններ է ունեցել է, թե ոչ։

Սա, ի դեպ, Ճապոնիայում դպրոցական գործող կանոնների դեմ առաջին դատական հայցը չէ։ Օրինակ` 2017 թվականի հոկտեմբերին Օսակայի դպրոցներից մեկի ավագ դասարանի աշակերտուհին դատի էր տվել քաղաքի վարչակազմին այն բանի համար, որ նրան դպրոցում ստիպել են փոխել իր մազերի գույնը։ Աղջիկն ունեցել է շագանակագույն մազեր, բայց ստիպված է եղել սև ներկել, որովհետև ճապոնուհիների մազերին ավելի բնորոշ է սև գույնը։ Արդյունքում ներկելիս նա վնասել է և՛ գլխամաշկը, և՛ մազերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել