Tert.am-ը գրում է.

Սա ամենախայտառակ փորձն է․ փորձում են անցկացնել մի նախագիծ, որ անանուն աղբյուրին հղում տալ չլինի, չէ՞ որ լրատվամիջոցներն ապահովագրված են այդ հարցով, դա շատ կարևոր հանգամանք է, եթե այդ հանգամանքն էլ են հանում, ի՞նչ են ուզում դրանով ապացուցել, իրենց քիմքին հաճո լրատվություն ստանա՞ն, չի՛ լինելու, չի՛ ստացվելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է արգելել ԶԼՄ-ներին անանուն աղբյուրներին հղում կատարել։

Հարությունյանը նշեց՝ թող փորձեն, թող անեն, գուցե մի քանի ամիս ստացվի, բայց այդ հարցը այդպես չի մնա, որքան էլ իրենք ուզենան կյանքի կոչել հակադարձումներ լինելու և լինելու են առաջին հերթին լրագրողական աշխարհից։

Ինչ վերաբերում է նրան, որ նախագծի հեղինակներից երեքը նախկին լրագրողներ են, Հարությունյանը նշեց, որ նրանց լրագրողներ չի համարում, նրանք հիմա քաղաքական գործիչներ են, ԱԺ պատգամավորներ և սպասարկում են իրենց կուսակցության  շահերը։ «Նախկին լրագրողը իրեն թույլ չի տա լրագրողի վրա հոխորտալ, իրեն թույլ չի տա վերցնել գործընկերոջ  նյութը, դնել և խայտառակ գրառում անել, գոյություն ունի լրագրողական հանդուրժողականություն, համագործակցություն, իսկ այս մարդկանց մոտ այդ ամենը չկա»,- շեշտեց նա։

Դիտարկմանը՝ նախագծի հեղինակներն այն հիմնավորում են նրանով, որ արգելվի անհայտ ծագման աղբյուրներին, օրինակ՝ անհայտ տելեգրամյան ալիքներին հղում տալը, նա պատասխանեց․ «Դա կարող եմ ընդունել, կարող է խնդիր լինել, բայց տողատակը պետք է նայել, դա տելեգրամյան ալիքների համար չէ։ Հիմա իրենք այդպես փափուկ բարձ կդնեն, օրենքը կանցկացնեն, վաղը չէ մյուս օրը ցանկացած թերթի, լրատվականի լրագրողին կտանեն դատարան՝ լրագրողի աղբյուրի հրապարակման պահանջով։ Ցանկացած լրատվամիջոցի իրենք կարող են այդ օրենքի կետով տանել դատարան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել