Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում հաստատվում են երկու գերտերություն՝ ԱՄՆ և ԽՍՀՄ: ԽՍՀՄ-ին հաջողվել էր Եվրոպան բաժանել երկու մասի՝ իր ազդեցության և ուղղակի կառավարման տակ վերցնելով արևելյան մասը:
Արևմտյան Եվրոպայի մեծ մասը ավերակների մեջ էր, և նրանք նայում էին դեպի ԱՄՆ՝ վերակառուցման օգնություն ստանալու համար:
Չնայած բազում հակասությունների՝ երկու գերտերությունների միջև սառը պատերազմի ահագնացող ռիսկը և սրա հետևանքով եվրոպական երկրների գոյության հանդեպ մեծ սպառնալիքը, ստիպում է վերջիններիս գնալ համագործակցության: Առաջին քայլը անում է Ֆրանսիան՝ առաջարկելով համերաշխություն Գերմանիային և տնտեսական գործակցության սկիզբ քարածխի և երկաթի արդյունահանման ոլորտում՝ 1950 թվականին:
Մեկ տարի անց ևս չորս եվրոպական պետություն միանում են և ստեղծում Եվրոպայի Քարածխի ու Երկաթի Միությունը: Այս հիմքի վրա Արևմտյան Եվրոպայի երկրներում սկսվում է առաջընթաց նկատվել: Այնուհետ ստեղծվում է ավելի ընդգրկուն Եվրոպական Տնտեսական Միությունը (1957): Հարաբերությունները հետզհետե զարգանալով վերաճում են միության՝ 1993-ին և ստեղծվում է Եվրոպական Միությունը:
Հետաքրքրական է, որ 1963-ին և 1967-ին Մեծ Բրիտանիան հայտ է ներկայացնում միանալու միությանը, սակայն երկու անգամ էլ Ֆրանսիան արգելանք է դնում՝ հիմնավորելով, որ ՄԲ-ն ԱՄՆ հետ սերտ դաշնակցային հարաբերություններ ունի: ՄԲ-ն միանում է միությանը 1973-ին:
Եվրոպական Միության գոյության ընթացքում 2 խոշոր մարտահրավերներ են եղել, որ սասանել են միությունը. Երկրորդի ժամանակ ՄԲ-ն դուրս է գալիս դրանից: Առաջինը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած պետական պարտքի ճգնաժամն էր: Երկրորդը՝ փախստականների ճգնաժամը, որի հիմնական աղբյուր էին Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը և Լիբիան. Այսինքն այս պետություններում շարունակական պատերազմական գործողությունները:
Այս երկու ճգնաժամերի հիմնական աղբյուրը եղել է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությունը: Սրանում նաև դերակատարում ունի ՌԴ հետ հակամարտությունը: Ռուսաստանը ձգտում է վերականգնել գերտերության իր դերը, որը դադարել էր ԽՍՀՄ փլուզմամբ, ԱՄՆ և Եվրոպան սա չեն ուզում: Պարզ պատճառով՝ նրանք վախենում են և միաժամանկ նրանց տնտեսական շատ ռեսուրսներ են պետք, ուստի ուզում են հետամնաց և հումք վաճառող Ռուսաստան ունենալ:
Վաղ, թե ուշ, այս բևեռների միջև հակամարտությունը հանգեցնելու է ֆիզիկական բախման: Մեծ հավանականությամբ Եվրոպան և Թուրքիան միասին են լինելու: Պարզ պատճառով, նա Արևմուտքի «շունն» է Ռուսաստանի դեմ: Նաև Եվրոպան Թուրքիային օգտագործում է, որպես իր պաշտպանիչ վահան, ինչը նաև ակնհայտ էր փախստականների ճգնաժամի ժամանակ, երբ Թուրքիային միլիարդներ էին տալիս, որպեսզի փակի փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա և պահի դրանց իր տարածքում: Սրան զուգահեռ Թուրքիան ստանձնել է Եվրոպային Ասիայի հետ կապողի դերակատարումը, ինչը նրա մոտ բավականին լավ է ստացվում:
Սա շատ հակիրճ այն գլոբալ պատկերն է, որ երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվել է ԱՄՆ և ՌԴ միջև ընկած տարածքում: Եվ սա այն միջավայրն է, որի վրա մենք ունենք զրո ազդեցություն, սակայն ամբողջովին դրա ազդեցության տակ ենք: Թե ինչ է լինելու մեր հալը շատ հեշտ է կռահել, հատկապես, երբ չունենք պետական գործիչներ և երկարաժամկետ մտածող և ընդհանրապես մտածող քաղաքական անձինք. Անձինք, որ դե յուրե պետությունը կդարձնեն դե ֆակտո պետություն, իսկ վերջինս կդառնար մեր անվտանգության իրական երաշխավորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել