Panorama.am-ը գրում է․

«Կառլ ֆոն Կլաուզևիցն իր «Պատերազմում» գրքում  զգուշացնում էր․ «արդյունքը երբեք վերջնական չէ»: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ձևով սովորեց այս դասը, երբ նա ստորագրեց հրադադար, որը վերջ տվեց 44-օրյա պատերազմին Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ տարածքների շուրջ: Դա ջախջախիչ պարտություն էր, որը ջնջեց Հայաստանի հաղթանակը ղարաբաղյան առաջին պատերազմում՝ վեցամյա զինված բախում, որն ավարտվել էր քառորդ դար առաջ»,- այս մասին War On The Rocks կայքում գրում է Պրինսթոնի համալսարանի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Մայքլ Ռեյնոլդսը։

«Այս երկրորդ պատերազմը զարմանալի չէր։ Խաղաղ բանակցությունները կանգ էին առել, Ադրբեջանը մեկ տասնամյակ շարունակ սպառնում էր պատերազմով և ցուցադրաբար զինվում։ Պատերազմի արդյունքն էլ անակնկալ չէր: Ավելի մեծ ու ավելի հագեցած ադրբեջանական բանակը, որին աջակցում էր Թուրքիան, ճնշեց ավելի փոքր ու հնացած հայկական ուժերին: Անակնկալն այն է, որ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի ղեկավարությունը համառորեն կույր մնաց նման աղետի հավանականության նկատմամբ և նույնիսկ նպաստեց դրան՝ դաշնակիցներին օտարելով և անիմաստ թշնամիներ հրահրելով:

Կարելի էր ակնկալել, որ որպես փոքրիկ, մեկուսացված և ռեսուրսներով աղքատ երկիր, բռնության կնիքով ողբերգական պատմություն ունեցող երկիրն ավելի ռեալիստական մոտեցում կցուցաբերեր դիվանագիտության նկատմամբ` ցուցադրելով գործնական պրագմատիզմ, խորամանկություն և խորաթափանց ցինիզմ: Բայց ընդհակառակը, հայկական պետական կառավարումը իրեն բացահայտեց որպես զառանցանքային ինքնավստահության և միամիտ սենտիմենտալիզմի խառնուրդ»,- գրում է Ռեյնոլդսը:

Ողբերգական պատմություն

Անդրադառնալով Հայաստանի ողբերգական պատմությանը, նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, մոտավորապես 11.500 քառակուսի մղոն, և Մասաչուսեթսից հազիվ թե մեծ լինի: Այնուամենայնիվ, Հայաստանում ամեն օրը հիշեցնում են, որ ոչ վաղ անցյալում հայերը բնակվում էին շատ ավելի լայն աշխարհագրությամբ: «Ադանայի» խոհանոցը գովազդող ռեստորանը, որը հիշում է Միջերկրական ծովի մի քաղաքը, «Կիլիկիա» գարեջուրը, որը կոչվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող տարածաշրջանի անունով, խճանկարը Գյումրու փողոցում, որը պատկերում է Կարս քաղաքը՝ փակ սահմանից այն կողմ 80 մղոն հեռավորության վրա, Պոլսի Հայոց պատրիարքի մասին լուրը, Վանա լճի կղզու Սուրբ Խաչ եկեղեցի և, իհարկե,  Արարատ լեռը՝ Հայաստանի ազգային խորհրդանիշը, որը ևս ընկած է սահմաններից դուրս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել