Վերջին պատերազմի արդյունքները չէին կարող Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում ցնցումներ չառաջացնել։ Ամենաբնականն այն կլիներ, որ գործող վարչապետը հրաժարական տար, և իրենց թիմից առաջարկվեր մեկ ուրիշ թեկնածու, որը կայունացնող դեր պետք է խաղար և երկիրը տաներ դեպի քաղաքական նոր ընտրություններ, սակայն դա տեղի չունեցավ, քանզի, հանձին «Իմ քայլի», գործ ունենք քաղաքական անմեղսունակների և իմպոտենտների բազմության հետ։ Վատ չէր լինի, որ, բացի 17-ի քաղաքական ընդդիմախոսների ֆորմատից, ձևավորվեր մեկ այլ ֆորմատ ևս, որը կփորձեր ներկա իրավիճակում իր լուծումներն առաջարկել հանրությանը, բայց դա տեղի չունեցավ։ 17-ի ֆորմատի կողմից առաջարկվող Վազգեն Մանուկյանի թեկնածությունը թերևս լավագույնն է անցումային կառավարության համար։ Նիկոլին հեռացնելուց հետո հանրությունը պետք է պատվեր իջեցնի քաղաքական մտքին անշտապ, բայց և չուշանալով ձևավորել Հայաստանի տեսլականները ապագա մի քանի տարիների, որոշ դեպքերում՝ նաև տասնամյակների համար։ Մեկ տարին դրա համար ո՛չ շատ է, ո՛չ քիչ։ Այն ուժը կամ ուժերի առանցքը, որին կհաջողվի ճիշտ ախտորոշել անցյալը, զգալ ներկայի շունչը և հստակորեն տեսնել ապագան, կհանդիսանա Հայաստանի վերածննդի քաղաքական շոգեքարշը, բայց դա պետք է տեղի ունենա նախ՝ հոգևոր հարթության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել