Կյանքում ամեն ինչ ունի իմաստ, էություն, ուղերձ։ Վարչապետի գործողությունները և հատկապես անգործությունը վկայում են, որ նա զբաղված է ոչ թե երկրի, հասարակության, քաղաքացու խնդիրներով, այլ բացառապես միայն սեփական անձի և սեփական իշխանության պահպանմամբ։

Վարչապետը պետք է այցելած լիներ սոցապ նախարարություն, քանզի տասնյակհազարավոր մարդիկ հրատապ կարգով օժանդակության խնդիր ունեն, և կարիքների գնահատման, բյուջետային վերաբաշխումների, պետության ու հասարակության ջանքերը կոնսոլիդացնելու կարիք կա։

Վարչապետը պետք է այցելեր պաշտպանության նախարարություն, առողջապահության նախարարություն, որովհետև հազարավոր վիրավորներ ու կորոնավիրուսով վարակվածներ այսօր անհապաղ բուժօգնության կարիք ունեն, ու առողջապահական համակարգն օպերատիվ կառավարման կարիք ունի։

Վարչապետը պետք է այցելեր միգրացիոն ծառայություն, որովհետև տասնյակհազարավոր փախստականներ կան, ու նրանց կեցության ու սոցիալական խնդիրները անհետաձգելի լուծումների կարիք ունեն։

Վարչապետը պետք է այցելեր կրթության նախարարություն, որովհետև տասնյակհազարավոր երեխաների ուսուցման պրոցեսը բառիս բուն իմաստով անորոշ վիճակում է, իսկ գաղթական դարձած հազարավոր երեխաների դեպքում պրոցեսը պարզապես ընդհատված է։

Վարչապետը պետք է այցելեր մշակույթի նախարարություն՝ հասկանալու համար՝ մշակութային ժառանգության ինչ հատված է հայտնվել ոչնչացման ու կորստի եզրին, դրա որ մասը կարելի է փրկել և ինչպես։

Վարչապետը պետք է այցելեր Սյունիքի մարզ՝ հասկանալու համար Գորիս-Կապան ճանապարհն ինչ ռիսկի գոտում է, ինչ լրացուցիչ անվտանգության միջոցառումների կարիք կա։

Ու այսպես բազմաթիվ անելիքներ։

Պետության ու քաղաքացու ճակատագրով մտահոգ ցանկացած ղեկավար ստեղծված իրավիճակում պետք է առանց հապաղելու, օպերատիվ ու տքնաջան աշխատանք տաներ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը վերջին երեք օրվա ընթացքում ընդամենը այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և արտգործնախարարություն։

Այսկերպ գործող վարչապետի ուղերձը մեկն է՝ հպարտ ժողովուրդ, քո խնդիրներով ինքդ զբաղվիր, իմ միակ մտահոգությունն իմ անվտանգությունն է, իշխանությունը և դրսից դրանց տրվելիք երաշխիքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել