Ինչքան ավելի դժվար է մի տարածքային միավոր գնահատել իբրև պետություն, ու ինչքան ավելի ուժեղ են կասկածները պետության երեք հատկանիշների (տարածքի, բնակչության և պետական իշխանության (տես Georg Jellinek, Allgemeine Staatslehre, 3. Aufl. 1914, S. 396 ff.)) առկայության առնչությամբ, այնքան ավելի մեծ է միջազգային հանրության կողմից իբրև պետություն ճանաչվելու նշանակությունը։

Պետությունների ճանաչման իրավական հետևանքները վիճելի են։ Նախկինում միջագային իրավունքի գիտության մեջ առկա մի կարծիքի համաձայն՝ մի միավորի ճանաչումը՝ իբրև պետություն, ունի ԿՈՆՍՏԻՏՈՒՏԻՎ ազդեցություն, այսինքն՝ պետության՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտի գոյության համար անհրաժեշտ նախապայման է։ Այսօր ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԿՇՌՈՂ կարծիքի համաձայն՝ պետության ճանաչումն ունի միայն ԴԵԿԼԱՐԱՏԻՎ նշանակություն։ Ըստ այդմ՝ պետության գոյությունը՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ, կախված չէ այլ պետությունների կողմից ճանաչումից։ Այս բացարձակ գերակշռող կարծիքի օգտին խոսում է այն, որ գոյություն չունի այլ պետությանը ճանաչելու պարտականություն։ Պետությունները կարող են հրաժարվել ճանաչել այլ պետությանը նաև քաղաքական (և ոչ թե պետության հատկանիշների բացակայության) պատճառներով (ինչպես որ, օրինակ, Պակիստանը մինչև հիմա չի ճանաչում Հայաստանը)։

Այսօրվա գերիշխող կարծիքին լրիվ համահունչ է արտահայտվում նաև Ամերիկյան պետությունների կազմակերպության խարտիան (OAS) ճանաչման դեկլարատիվ նշանակության իմաստով․

„The political existence of the State is independent of recognition by other States. Even before being recognized, the State has the right to defend its integrity and independence …“ (Art. 13).

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել