Armtimes.com-ը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համացանցում քննադատական գրառումների առիթ է հանդիսացել։

Խաղաղություն հաստատելու խնդրանք պարունակող այդ նամակը որոշ անձանց կողմից համեմատվում է գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հայտնի նամակի հետ, որը վերնագրվել էր «Նամակ ռուսաց թագավորին»։

«Նման մեկնաբանությունների հեղինակների վարքագիծը չեմ ուզում գնահատել, որովհետեւ դա մակարդակի խնդիր է»,- ՀԺ-ի խնդրանքով անդրադառնալով այդ մեկնաբանություններին՝ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Պողոսյանի գնահատմամբ՝ նախագահի նամակը տարածաշրջանում իրավիճակի բավականին կարեւոր վերլուծության արդյունք է։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծվում այդ նամակով՝ Պողոսյանը ընդգծեց․ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում ամենամեծ դերակատարումը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ միայն ՌԴ-ն կարող է իր միջնորդական ջանքերի շնորհիվ երկարատեւ խաղաղություն հաստատել։ Այս կոնտեքստից դուրս այլ կոնտեքստում այս նամակը մեկնաբանելը ես համարում եմ ավելորդ զբաղմունք»։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նամակը հրապարակվեց ՀՀ արտգործնախարարի ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում եւ ոչ թե ավելի վաղ կամ ուշ, Պողոսյանը պատասխանեց՝ որովհետեւ այս տարածաշրջանում հիմնական դերակատարությունը պատկանում է Ռուսաստանին։

Հիշեցնենք, Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պարտադրողը մեր բանակն է։ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե այս առումով որեւէ բան փոխվե՞լ է։ Ի պատասխան նա ասաց, որ Արայիկ Հարությունյանի նամակը կապ չունի այդ հայտարարության հետ։ «Բանակի եւ Ռուսաստանի դերակատարումը շատ տարբեր է․ բանակն այսօր պատերազմում է, պաշտպանում է մեր հայրենիքը, իսկ քաղաքական լուծուոմների հարցում այսօր ամենամեծ դերակատարությունը Ռուսաստանն ունի։ 1992-94 թվականներին մեր բանակի ունեցած փառավոր հաղթանակների մասին մենք բոլորս գիտենք, որեւէ մեկը չի կասկածում մեր բանակի ունեցած ուժի վրա։ Խոսքը վերաբերում է քաղաքական լուծմանը։ Նման կերպ մեկնաբանողները առաջին հերթին այդ պարզ ճշմարտությունը պետք է հասկանան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել