Երևանի դարպասն այսօր Արցախի հարավում է: Արցախի հարավում է և Թեհրանի դարպասը:

Իր առաջին ժամկետում ամբոխավար Թրամփը որևէ կտրուկ գործողություններ չիրականացրեց: Շատ վառ է ամերիկյան քաղաքական հիշողության մեջ Լինդոն Ջոնսոնի օրինակը, որ, դառնալով գործիք ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռքում, ավելի ու ավելի խրվեց Վիետնամում և այնքան ատված էր վերջում, որ երկրորդ ժամկետի անգամ չառաջադրվեց:

Մեր օրերի ամերիկյան նախագահներն իրենց ամենառիսկային նախաձեռնությունները հենց երկրորդ ժամկետներում են այլևս անում:

Վերընտրվելու պարագայում երկրորդ ժամկետում է դառնում շատ հնարավոր ամերիկա-իսրայելա-սաուդական կոալիցիայի ձևավորումը Իրանի դեմ: Դրա համար որպես տարանցիկ կետ և հարվածային ուժերի ամենահարմար մերձավոր երկիրը Ադրբեջանն է: Բացառված չէ, որ Ադրբեջանի սատարումը առնվազն Իսրայելի կողմից նախևառաջ հենց այդ հաշվարկով է պայմանավորված:

Բաքվում սա հրաշալի հասկանում են: Եվ հասկանում են նաև, որ եթե վերահսկողության տակ առնեն հայ-իրանական սահմանի այդ հատվածը կամ ողջ հատվածն ամբողջությամբ, կունենան լռելյայն համաձայնություն առնվազն երկու կենտրոններից: Ու թեև դա երրորդին` Սաուդի արքայությանը նույնպես ձեռնտու է թվում, բայց թուրքական գործոնի պատճառով չի կարող ընդունելի լինել:

Թրամփի չվերընտրվելու պարագայում Բաքուն, միևնույն է, այդպիսի սցենարում շահած դուրս կգա, որովհետև կկտրի Հայաստանի քներակը և կդատապարտի անխուսափելի մահվան:

Իրանում դա նույնպես հասկանում են: Բայց կարծես թե չեն շտապում: Ինչո՞ւ, դժվար է ասելը:

Բայդենի ընտրվելու պարագայում Իրանի դեմ ամերիկա-իսրայելա-սաուդական պատերազմ ամենայն հավանականությամբ չի լինի: Բայցև հայկական կողմի երեսնամյա դավաճանական անուղեղության արդյունքում, որով ազատագրված տարածքները երբեք ՀՀ իրավական մաս չհամարվեցին․ դրանք ԱՄՆ-ը հստակորեն համարելու է Ադրբեջանի տարածք և հայերը դրանից հաստատ չեն շահելու:

Բաքվում հաշվարկել են, որ քաղաքական խաղաքարտերն իրենց օգտին են: Եվ ոչ թե Հայաստանի վերջույթներին են թիրախ բռնել, այլ հենց քներակին:

Եվ մենք պայքարում ենք:

Արցախի, ազատագրված տարածքների և ընդհանրապես Հայաստանի հարավում այս օրերին որոշվում է մեր բոլորի կյանքի, մեր բոլորի պատմության, մեր բոլորի հայրենիքի ապագան:

Եվ մեր այն զինվորը, որ նոր պետք է գնա հայ-իրանական սահման` գոյամարտ տալու, պետք է լավ գիտակցի, որ ինքը ոչ թե սահման, այլ խորան է պահում, որ մեզ համար կյանքի սրբազան ճանապարհ է, Երևանի դարպաս և Մերձավոր Արևելքի զարկերակ: Իսկ հարևանների համար դա նույնպես գոյության խնդիր է, գոյության գիծ, գոյության սահման:

Հարավում վարվող այս օրերի ծանրագույն մարտերի կարևորությունը մենք դեռ հետո ենք ընկալելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել