Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Արտաքուստ կարող է թվալ, որ հարցը իրավական դաշտում է, եղել է ընտրակաշառքի բաժանում կոնկրետ պատգամավորության թեկնածուի կողմից, նա էլ այդ միջոցները ստացել է Գագիկ Ծառուկյանից, ուստի օրենքը պետք է երկրում գերիշխի, և ոչ ոք այդ օրենքից բարձր չէ։

Իրականությունը, սակայն, շատ ավելի բարդ է, և կա առնվազն մի քանի պատճառ, որոնք խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից օրենքը կարող է առանձնապես չշահել, իսկ Հայաստանը՝ որպես երկիր, էապես կարող է տուժել։

ա) Նախ՝ հենց օրենքի դաշտում կալանավորումն օգտագործվում է որպես խափանման միջոց, եթե կա տվյալ անձի կողմից քննությանը խոչընդոտելու իրական վտանգ։ Այստեղ հիշեցնեմ, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ հայտնի նիստի ժամանակ պնդում էր, որ քննությունն արդեն մի քանի ամիս ընթացքի մեջ է, բավարար փաստեր են հավաքված, որոնք հիմք են տվել մտնելու հայցադիմումով ԱԺ, ուստի տարօրինակ է հիմա այն պնդումը, որ Գագիկ Ծառուկյանն այս փուլում կարող է խանգարել քննության ընթացքին։ Ակնհայտ է նաև, որ, լինելով ազդեցիկ քաղաքական ուժի ղեկավար, նա չի փորձելու երկրից հեռանալ և դրանով խուսափել պատասխանատվությունից, ուստի ընտրված խափանման միջոցը դժվար թե ծառայի բուն քննության շահերին, այլ ունի իր մեջ ընդգծված քաղաքական պատվերի տարրեր։

բ) Բուն քննվող գործն իմ տեսակետից ևս խիստ խնդրահարույց է, եթե նույնիսկ ընտրակաշառք բաժանվել է։ Խնդիրն այստեղ այն է, որ հայաստանյան ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է համատարած, տարբեր ուժերի կողմից, տարբեր ձևերով, և ստացվել է տասնյակ և գուցե հարյուրհազարավոր քաղաքացիների կողմից։ Զուտ օրենքի տեսանկյունից սա քաղաքական կոռուպցիա է և պետք է պատժվի, բայց սառը տրամաբանության տեսակետից եթե մի բան համատարած է եղել, ապա օրենքի տառացի կիրառումը կբերի նրան, որ երկրի բնակչության զգալի մասը հանցագործ կդառնա։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակներում պետք է համաներում և հաշտեցում տեղի ունենա, խաղի նոր կանոններ սահմանվեն, անցյալում տեղի ունեցած գործերը փակվեն, և օրենքի խիստ կիրառումը տարածվի միայն ապագայի վրա, երբ այդ խաղի կանոններն այլևս բոլորի համար հստակ են։ Այլապես, եթե փորձենք յուրաքանչյորին պատժել վերջին երեսուն տարվա ընթացքում կատարած յուրաքանչյուր զանցանքի համար, երկրի բնակչության մեծ մասը կա՛մ պետք է հանցագործ դառնա, կա՛մ երկրից փախչի պատժից խուսափելու համար։

գ) Եվ վերրջապես, ակնհայտ է այս ամենի քաղաքական կողմը։ Գագիկ Ծառուկյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի մերժել, որ մեր երկրի բնակչության որոշակի հատվածի համար այս մարդը քաղաքական առաջնորդ է, այլապես նա անցած ընտրույթուններին երկրորդ տեղը չէր գրավի։ Երբ որ իշխող քաղաքական ուժը, օգտվելով իր փաստացի մենաշնորհային իշխանությունից, իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ, դա բերելու է միայն փոխադարձ ատելության և թշնամանքի խորացման։ Մենք արդեն երկու և կես տարի ապրում ենք այդ ատելության մթնոլորտում, հուլիսյան իրադարձություններից հետո սկսում էր թվալ, որ մենք արտաքին վտանգին հանդիման կարող ենք սկսել վերջապես վերականգնել այրված կամուրջներն ու ներազգային համաձայնության գալ, բայց հիմա այս անհեթեթ կալանավորումը մեզ նորից շպրտելու է ատելության և ինքնաոչնչացման դաշտ։

Այս ամենին գումարվում է հակառակորդ երկու երկրներից հնչող հայատյաց հոխորտանքը, պատերազմական գործողություններ սկսելու՝ այս անգամ արդեն անթաքույց սպառնալիքները, արտաքին աշխարհի անտարբեր կեցվածքը, որն արդեն հոգնել է «Նոր Հայաստանի» արկածախնդիր և անկանխատեսելի իշխանություններից։ Արտաքին վտանգին ընդառաջ երկիրը և ժողովրդին համախմբելու փոխարեն նրանք հերթական անգամ տանում են այն պառակտելու, թշնամանք սերմանելու, մարդկանց իրար դեմ հանելու ճանապարհով։ Այս ամենը չի կարող երկար շարունակվել․ կա՛մ մենք պետք է հաշտության եզրեր գտնենք մեր երկրի ներսում ու վերջ տանք այս երկպառակությանը, կա՛մ բոլորս թանկ գին են վճարելու, ինչպես հարյուր տարի առաջ, երբ շատ նման վիճակում հանձնվեց Կարսի անառիկ ամրոցը, և մինչ այդ հաղթական մեր հանրապետությունը ծնկի իջավ անողոք թշնամու առաջ։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում պատմության այս դառը կրկնությունը, պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը և ազգովի պատրաստվենք հակահարված տալու իրական հակառակորդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել