Այնպես չէ, որ կատարվածը բացառիկ դեպք էր։ Արարողակարգը խախտելով սեփական առավելությունն ընդգծելը կամ դիմացինին ստորացնելու փորձերը պատահում են ամենուրեք, ընդ որում, հաճախ ստորացվածի կարգավիճակում հայտնվում են անգամ աշխարհի զորեղները։

Օրինակ՝ Սերբիայի նախագահին հլը դեռ աթոռ էին առաջարկել։ Շատ ավելի ստորացուցիչ վիճակում էր 2018-ին հայտնվել Լեհաստանի նախագահը, երբ Թրամփի աշխատասենյակում համատեղ հայտարարություն էին ստորագրում։ Թրամփը ստորագրում էր իր աթոռին նստած, իսկ Լեհաստանի նախագահը՝ կողքին կանգնած։ Լեհաստանի նախագահը վերջում ստիպված էր կատակով ֆոտոշոփած նկար դնել, որում ինքն է նստած, իսկ Թրամփը՝ կանգնած։ Չգիտեմ, թե արդյո՞ք այդ կատակը լեհ հասարակությունում գնահատվեց։

Առհասարակ, Դոնալդ Ֆրեդովիչը սիրում է այլոց իրենց տեղը ցույց տալ։ ԱՄՆ նախագահը պարբերաբար խախտում է արարողակարգը նաև Մեծ Բրիտանիայի թագուհու հետ հանդիպումներում․ մե՛կ թագուհուն մեջքին է թխկթխկացնում, մե՛կ նրանից առաջ է անցնում՝ ստիպելով, որ Լիզա տատին հետևից վազի ևն։ Լիզա տատին էլ մի քանի անգամ տակ չի մնացել, օրինակ՝ Թրամփին մի անգամ ընդունել է սգո զարդերով, բայց դե այսպիսի նրբությունները միայն թեմայից տեղյակներն են նկատում, իսկ Թրամփի հետևից վազվզող թագուհի բոլորն են հասկանում ու տեսնում։

Բայց եթե Եվրոպայում այսպիսի սանձարձակությունները կարող են հանդուրժել, աշխարհի շատ ավելի քյարթու անկյուններում իրենք են պատրաստ թեկուզ ԱՄՆ նախագահին իր տեղը ցույց տալ։

Օրինակ՝ 2019թ․ փետրվարին Հանոյում Հս․ Կորեայի առաջնորդի հետ բանակցություններում ենթադրվում էր, որ ստորագրվելու է ինչ-որ համատեղ փաստաթուղթ․ հիմա չեմ հիշում՝ հայտարարություն էր, թե ավելի լուրջ բան։ Ստորագրմանը պիտի հաջորդեր պաշտոնական ճաշ, ժպիտներով նկարվել ևն։ Ամեն ինչ միգուցե այդպես էլ լիներ, եթե կորեացիները չհայտնաբերեին, որ ամերիկացիները փաստաթղթում խցկել են չհամաձայնեցված ձևակերպումներ․ հենց այդ պահին էլ ամեն ինչ ավարտվեց, ибо нефиг - «մենք ստեղ լուրջ մարդիկ ենք, եկել ենք մի կտոր հաց ուտենք, դու փաստաթղթի մեջ թաքուն բաներ ես ավելացնում, էդ ի՞նչ ձևա»։

Թրամփի նախորդը՝ Բարաք Հուսեյնովիչը, նույնպես հայտնի էր նման փորձերով։ Նախ՝ ինքը բնատուր բռի էր, ինչի շնորհիվ էթիկետը հաճախ խախտում էր նույնիսկ առանց միտումնավորության, բայց երբեմն նաև հատուկ։ Օրինակ՝ Կուբայում Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպմանը Հուսեյնովիչը որոշեց, որ կարելի է մեծավարի թխկթխկացնել Կաստրոյի ուսին։ Բայց Կաստրոն էն տղեն չէ, որ իրա հանդեպ տենց ժեստեր թույլ տա․ նա ուղղակի բռնեց Օբամայի ձեռքը ու օդում թափահարեց։ Օբամային մնում էր միայն ժպտալ ու լուսանկարվել, ժպտալ ու լուսանկարվել։ Վերջում էլ Ռաուլը Օբամային ցույց տվեց դռան կողմը։

Բայց դիմացինին իր տեղը ցույց տալու արվեստում ամենաէլեգանտը, թերևս, ճապոնացիներն են։ Նախ՝ անգամ բռի Օբամային մանրամասն սովորեցրել էին, թե ինչպես պիտի իրեն պահի կայսեր հետ հանդիպմանը (արարողակարգը պահանջում է խոնարհվել կայսեր առաջ), ինչն էլ Օբաման պատրաստակամորեն արեց։

Իսկ, օրինակ, 2019թ․ ճապոնացիները ստորացրին ռուսներին, թեպետ ոչ Պուտինի մակարդակով։ Ճապոնիայի նավատորմի շտաբի պետն ընդունել էր Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովին։ Համատեղ լուսանկարն արվեց ծովակալ Տոգո Խեյխատիրոյի նկարի ֆոնին։ Խեյխատիրոն Ցուսիմի ծովամարտում ռուսական 2-րդ էսկադրան գլխովին ջարդած մարդն է։ Դա մոտավորապես նույնն է, եթե Նիկոլն Ալիևի հետ նկարվի գեներալ Մանվելի կամ Պուտինի հետ Նժդեհի լուսանկարի ֆոնին։

Ռուսներն իրենք էլ աշխատում են հետ չմնալ։ Լադիմիր Լադիմիրիչն, օրինակ, հայտնի է իրեն սպասեցնելու բնավորությամբ, ընդ որում, սպասեցնելը միշտ հստակ վերաբերմունք է արտահայտում ու միտումնավոր է։

Նմանատիպ էպիզոդներ եղել են նաև մեր պատմությունում։ Օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ վերջին պահին պարզվել էր, որ թուրքերը մի հատ էլ հայտարարություն պիտի անեն մեզ համար անընդունելի ձևակերպումներով։ Այն ժամանակ Էդուարդ Նալբանդյանն ուղղակի հրաժարվել էր մեկնել ստորագրման։ Միայն Լավրովի ու ծյոծ Հերիքնազի ջանքերով խնդիրը հարթվեց, հայտարարություններ ստորագրումից հետո ընդհանրապես չհնչեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել