Շատ հաճախ շաքարային դիաբետն ախտորոշվում է բավականին ուշ, քանի որ այն կարող է զարգանալ ասիմպտոմատ կերպով երկար ժամանակ: Իրականում որոշ ախտանիշներ, այնուամենայնիվ, կարող են առաջանալ, սակայն մարդիկ սովորաբար դրանց վրա ուշադրություն չեն դարձնում, պնդում են Diabetes UK (Մեծ Բրիտանիա) կազմակերպության փորձագետները: Օրինակ, երկրորդ տիպի շաքարախտի ախտանիշ կարող է լինել բերանի հոտը:

Healthline-ի փոխանցմամբ` ուժեղ հոտը բերանից կարող է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման նշան լինել, հաղորդում է Healthline-ը: Փորձագետների կարծիքով` օրգանիզմը, ինսուլինի պակաս զգալով, փորձելով ավելի շատ արտադրել այս հորմոնը, ինքնաբերաբար սկսում է ճարպ այրել: Այս գործընթացը նպաստում է կետոնների արտադրությանը: Այս նյութերը սկսում են կենտրոնանալ արյան եւ մեզի մեջ, եւ հենց դրանց կուտակումն է որոշ հիվանդների մոտ բերանից տհաճ հոտի հանգեցնում:

«Տհաճ հոտը բերանից կամ հալիտոզը պարտադիր կերպով շաքարախտ չի նշանակում: Դա տարածված երեւույթ է եւ կարող է վերագրվել բազմաթիվ պատճառներին, այդ թվում` ծխելուն եւ սննդային նախասիրություններին: Սակայն երբ դա տեղի է ունենում, կարեւոր է համոզվել, որ խնդիրը կապված չէ դիաբետիկ կետոացիդոզի հետ»,- նախազգուշացրել են Diabetes UK-ի մասնագետները:

Նրանք հիշեցրել են, որ շատ մարդիկ կարող են տարիներ շարունակ տառապել շաքարախտով` նույնիսկ չկասկածելով այդ մասին: Սակայն առանց բուժման 2-րդ տիպի շաքարախտն էապես մեծացնում է սրտի կաթվածի, ինսուլտի եւ շատ այլ հիվանդությունների հավանականությունը:

Բերանի հոտից բացի, մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել հիվանդության այլ հնարավոր նշանները. ծարավի սուր զգացողությունը, մեզի արտադրման ավելացումը, մաշկի երկար չլավացող վնասվածքները, ոչ հատուկ հոգնածությունը եւ դյուրագրգռությունը, ինչպես նաեւ քաշի անհասկանալի կորուստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել