Ամերիկայի մի քանի պատմություն կա։ Մի պատմությունը, որ նաև մենք ենք դպրոցներում անցել, այն է, որ 1492 թվին Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան, ապա հաջորդում է ԱՄՆ֊ի նախագահների, կուսակցությունների պատմությունը։ Մյուս պատմությունը, որ այդ թվականին ոչ թե հայտնաբերվել է Ամերիկան, այլ սկիզբ է առել մեծ ցեղասպանության ու ստրկատիրության պատմությունը, և առաջին ոճրագործներից մեկը հենց Կուլումբոսն է եղել, ում անունով երկրներ, քաղաքաներ, փողոցներ են անվանակոչել։

Այս մյուս պատմության հեղինակներից մեկն է Հովարդ Զինը, որ իր «Ամերիկայի ժողովրդական պատմություն» աշխատության մեջ նկարագրում է, որ Կոլումբոսի գլխավորությամբ գաղութարարները Բահամյան կղզիներում արավակներին բռնում, ողջ-ողջ վառում էին, և արավակներն իսպանացիների ձեռքը չընկնելու համար իրենց երեխաներին սպանում, իրենք էլ ինքնասպան էին լինում։

Երկու տարվա մեջ Հայիթիի բնակչության կեսը՝ 250 հազար մարդ, զոհվում է։ 1515-ին մնացել էին 50 հազար բնիկ, իսկ 1550-ին՝ 5 հազար։ 1650 թվի հաշվետվության համաձայն՝ կղզում չկային ո՛չ արավակներ, ո՛չ էլ նրանց սերունդներից։

Ապա Զինը մանրամասն նկարագրում է, թե ինչ դաժանությամբ Աֆրիկայի ժողովուրդներին տեղահանում, Ամերիկա էին բերում ստրկության, միլիոնավոր ճակատագրեր ու սերունդներ են խորտակել։

Այս պատմությանը կարելի է անվանել նաև աֆրկացիների և Ամերիկայի առաջին ժողովրդի (բնիկների) դատի պատմություն։

Ինչպե՞ս անվանել այն պատմությունը, որ բացահայտում է Հայկական լեռնաշխարհում հայերի վաղնջական ծագման պատմությունը, «Ուրարտու» կոչվածի հայկական լինելու պատմությունը, ապա հայերի նկատմամբ ճնշումների, շահագործման ու ցեղասպանությունների պատմությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ պատմությունն անվանում է հայդատական պատմագիտություն, որն, ըստ նրա, գավառական է և չափազանց վտանգավոր է։
Իսկ ինչպե՞ս կարելի է անվանել 1990-ից սկիզբ առնող պատմությունը, երբ ՀՀՇ-ն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նվաճեց Հայաստանի իշխանությունը, և ինչպես Կոլումբոսն ու գաղութարարներն էին թալանում Ամերիկաները, այդ իշխանությունն էլ սկսեց թալանել Սովետից ժառանգված համաժողովրդական հարստությունը և լայն զանգվածներին աղքատության մատնեց (ըստ 1996 թվի ՄԱԿ-ի տվյալների՝ 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը՝ վատ, միայն 13,2 տոկոսն էր բավարար և 4,4 տոկոսը՝ լավ կամ շատ լավ։ Մինչև 1997 թվականը մասնավորեցվել է 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ (ըստ Արա Մարտրոսյանի), ապա 1995-1996 թվերի ընտրությունները կեղծելով իշխանությունը պահեցին։
Պատմության այս դիտարկումը գուցե էլի հայդատական պատմագրության մե՞ջ են տեղավորում։
Իսկ ՀԱԿ-ական պատմագրությունն այն անվանում է «Հայաստանում ժողովրդավարության կղզյակի» պատմություն (ՀԱԿ-ի գրող Արմեն Հայաստանցու խոսքն է))։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել