Հայաստանի գյուղատնտեսության միակ փրկությունը պլանային տնտեսության անցնելն է:
Կառավարության աշնանացան ցորենի սուբսիդավորման կամ սպանդանոցների մասին օրենքի մասով արդեն շատ խոսվեց, բայց ոչ մեկ չառաջարկեց լուծում: Ես հասկանում եմ, որ դեմ լինեը հեշտ է, բայց չեմ ուզում լինել հերթական ակտիվիստ-հրապարակախոսը, այդ իսկ պատճառով կցանկանայի ձեզ հետ կիսվել իմ տեսլականով գյուղատնտեսության մասին:

Իմ համեստ կարծիքով՝ միակ լուծումը անցումն է պլանային տնտեսությանը: Չմանրամասնեմ՝ ինչ է պլանային տնտեսությունը, դրա փոխարեն ներկայացնեմ, թե ինչպես եմ ես պատկերացնում առկա ռեսուրսներով քայլ առ քայլ դրան անցնելը․

1. Համայնքների խոշորացում: Այս մի կետը 2017 թվականին արվել է:
2. Յուրաքանչյուր համայնքի գյուղնշանակության հողերի քանակի, որակի աուդիտ, ոռոգվող և պոտենցիալ ոռոգման հնարավորություն ունեցող հողերի քարտեզագրում:
3. Կաթիլային ոռոգման համակարգերի քարտեզագրում (Արարատի մարզի 40 հազար հեկտարի պես չէ, իհարկե): Սուբսիդավորում մինչև 100%-ի չափով, եթե գյուղացին կհրաժարվի ավանդական ոռոգման ձևից և կանցնի կաթիլային ոռոգման համակարգի:
4. Յուրաքանչյուր համայնքում մշակվող մշակաբույսերի և ցանքաշրջանառության արդյունավետության որոշում:
5. Պարենային անվտանգության պաշարների արտադրման քանակների բաշխում՝ ըստ համայնքների:
6. Փոքր հողակտորների միավորում: Անհրաժեշտ է գյուղացուն բացատրել մեծ հողակտորների առավելությունը և եկամտաբերությունը և միջոցներ ձեռնարկել նրանց` մեկ միասնական տնտեսություն ստեղծելու նպատակով միավորելու համար:
7. Միավորված տնտեսության սուբսիդավորում, եթե այն կմշակի պարենային անվտանգության համար անհրաժեշտ մշակաբույսեր պետության կողմից առաջարկվող սերմերով:
8. Միավորված տնտեսությունների հողակտորների վրա նոր մշակաբույսերի փորձարկում` առավելագույն եկամտաբեր մշակաբույսերի հայտնաբեման նպատակով:
9. Միավորված տնտեսությունների ապահովագրում արհավիրքների պատճառով հասցված կորուստից, եթե տվյալ տնտեսությունը մշակել է հատուկ որոշված տեխնոլոգիաներով և մշակել է պարենային անվտանգության համար անհրաժետ մշակաբույսեր:
10. Միավորված տնտեսություններից երաշխավորված գնով բերքի ձեռքբերման պայմանագիր, եթե տնտեսությունը պահպանել է բոլոր տեխնիկական պայմանները (ТУ):

Կետերը շատ են, իսկ ենթակետերը՝ ավելի շատ, բոլորին կանդրադառնամ մաս-մաս: Այսօր այսքանը:
Շնորհակալություն ուշադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել