Հունվարից ի վեր աշխարհն ապրում է այլ օրակարգով, հարցերի այլ շրջանակով ու այլ մտահոգություններով: Միջազգային ողջ լրահոսը, օտարերկրյա պետությունների բարձրագույն իշխանության մարմինների քննարկումները, խորհրդակցությունները և որոշումների զգալի մասը նշվածների մասին են: Պետություններն, անկախ դրանց կառուցակարգից, սկսել են աշխատել համավարակի հաղթահարման, դրա հետևանքների չեզոքացման և պատճառած վնասների վերացման ուղղությամբ:

Բայց ՀՀ-ն ապրում է այլ իրականությունում: Մենք պարտադրված ապրում ենք Նիկոլ Փաշինյանի հիվանդ երևակայության թելադրանքով:

Երևակայության հերթական հանգրվանը սահմանադրական փոփոխություններն էին, որոնք վերջնականապես կոչնչացնեին ՀՀ-ում սահմանադրական կարգերը, զսպումների ու հակակշիռների մեխանիզմների մնացուկները:

Անհաջող քայլերի հաջորդականությամբ, սխալը սխալի ետևից անելով Նիկոլն անցկացրեց հակասահմանադրական փոփոխությունները:

Գիտեմ՝ որևէ մեկիդ չեմ զարմացնի Նիկոլի հերթական անօրինականության մասին գրելով, բայց ուզում եմ խոսել այդ անօրինականության արձագանքների մասին:

Օգտվելով այն հանգամանքից, որ համավարակը ջնջել է պետությունների սահմանները, սահմանադրությունը համավարակի ֆոնին դիտարկենք միջազգային հարթակում:

Փաստերը հետևյալն են:

Ուսումնասիրելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների սահմանադրական նախաձեռնությունները՝ պարզ դարձավ, որ համավարակի բռնկումից հետո սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել են ՀՀ և ՌԴ իշխանությունները։

Երկուսն էլ դիմել են Վենետիկի հանձնաժողով նախագծերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքներ ստանալու համար:

Ահա այս փուլից ՀՀ և ՌԴ սահմանադրական փոփոխությունների գործընթացի նմանություններն ավարտվում են:
ՌԴ-ն, չնայած իրավական հնարավորությանը՝ հանրաքվե չանցկացնելու, միևնույն է, անցկացրեց։

Հայաստանի կառավարության հարցված կարծիքում տեղ գտած կետերը չպահպանվեցին ԱԺ-ում օրենքի ընդունման ժամանակ, կառավարությունը, գիտակցելով մոտալուտ պարտությունը, չեղարկեց հանրաքվեն, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովն ու միջազգային մամուլը զերծ մնացին ընդգծված քննադատությունից:

Շատ հետաքրքրական է այն հանգամանքը, որ ՌԴ սահմանադրական փոփոխությունները չնայած բնույթով ու բովանդակությամբ առավել ընդարձակ էին, բայց պարունակում էին նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերող դրույթներ: Մասնավորապես՝ ՌԴ Սահմանադրության 83-րդ հոդվածի առաջարկվող փոփոխություններով Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման մեխանիզմների մասով, Վենետիկի հանձնաժողովը խիստ քննադատել է՝ համարելով այն խոցելի,
ՍԴ-ն քաղաքական հնարավոր ճնշումներից կախվածության մեջ դնող։

Ինչո՞ւ են տարբեր երկրներում կատարվող նույնաբովանդակ, նույն պետական մարմնին, իշխանության նույն ճյուղին և նույն առարկայի վերաբերյալ (դատավորների լիազորությունների դադարեցում) փոփոխությունների եզրակացություններն այսքան տարբեր: Մի դեպքում այդ փոփոխությունը գնահատվում է խոցելի և քաղաքական, մյուս դեպքում՝ աչք փակելով:

Ընդհանուր առմամբ անմասն չմնաց նաև միջազգային մամուլը: Գնահատելով «խիստ իրավական» գործընթացները՝ մի դեպքում որակել է խիստ հակասական ու անընդունելի։
ՌԴ սահմանադրական գործընթացները դիտարկվում էին բացառապես քաղաքական (օրինակ՝ Պուտինը երկարացնում է իր իշխանությունը 16 տարով) և անհամատեղելի վիրուսի հետ:
Իսկ ՀՀ հակասահմանադրական փոփոխություննների մասին խոսելիս միջազգային «գնահատողները» լուռ էին:

Ստացվում է, որ միջազգային իրավական և միջազգային քաղաքական ստանդարտները կարող են և տարբերակվում են՝ կախված պահից ու մասնակիցներից:
Այս դեպքում երկու սուբյեկտների ՀՀ և ՌԴ սահմանադրական փոփոխություններին միջազգային կառույցների անդրադարձերը երկակի ստանդարտների կիրառման խոսուն օրինակ են:

Հ.Գ. Աչք փակելու նախապայմաններից մեկն էլ Նավալնին «Հ1-ով» ակցիան էր։ Այ այս կոնտեքստում դիտարկեք ձեր թվացյալ ինքնիշխանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել