Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես տնտեսական «հուսադրող» լուր, հայտնեց, որ ապրիլին 71 471 աշխատատեղ է փակվել, մայիսին՝ 50 094-ը վերականգնվել:

Անշուշտ, կարելի է հուսադրվել այս փոքրիկ վիճակագրությունից, քանի որ սա խոսում է տնտեսության ինքնակարգավորման առանձնահատկության և դեռևս լիովին չսպառված իմունիտետի մասին (չսպառված, բայց վերստին՝ ոչ հեղափոխական իմունիտետի):

Բայց այնուամենայնիվ հաշվի առնենք մի քանի հանգամանք.

 Այս պահի դրությամբ, փաստացի, ունենք 21 377 փակված աշխատատեղ:

 Այս թիվն ամբողջական չէ, քանի որ չի ներառում օրավարձով, չգրանցված աշխատողների վիճակագրությունը, ի դեպ, ինչպես նշեց նաև Փաշինյանը:

 Ապրիլին 71 471 փակված աշխատատեղերի փաստը Կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների պակաս արդյունավետության վկայությունն է: Հիշեցնեմ, այդ միջոցառումների թվում ամենավաղ ծրագրերից մեկը գործատուին արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումն է իր աշխատողների նկատմամբ պարտավորություններն իրականացնելու նպատակով: Դեռ սկզբնական փուլում ահազանգում էինք, որ դա արդյունավետ միջոց չէ, քանի որ գործատուն կնախընտրի կրճատել իր աշխատակիցներին, քան նրանց պահել ու ավելացնել թեկուզ անտոկոս վարկային բեռ: 71 471 փակված աշխատատեղերը հենց այդ ահազանգի ապացույցն է:

 Մեկ ամսվա ընթացքում կորսված 71 471 և ապա դրանից 50 094 վերականագնված թվային ակտիվ դինամիկան ցույց է տալիս, որ այս աշխատատեղերն առավելապես վերաբերում են ճգնաժամի ուղղակի ազդեցության տակ գտնվող բիզնես սեգմենտին, կամ ինչպես Կառավարությունն է անվանում՝ ճգնաժամից ամենից շատ տուժածներին: Քանի որ ապրիլ –մայիս ժամանակահատվածը համընկնում է լոքդաունի քաղաքականությանը, ապա պարզ է, որ արգելված տնտեսական գործունեության ոլորտներում պիտի լինեին նման շարժեր: Մտահոգիչը վերականգնվածի չափն է:
Արդյո՞ք սա ուղիղ գնահատականը չէ հենց այս ոլորտին ուղղված հակաճգնաժամային միջոցառումների գլոբալ արդյունավետությանը՝ թե՛ կիրառված գործիքակազմի, և թե՛ ժամկետների: Հիշեցնեմ, որ տուժած ոլորտների համար նախատեսված հակաճգնաժամային՝ 20-րդ միջոցառումը հաստատվեց հունիսի 18-ին:

Ի դեպ, վերոնշյալ վիճակագրությանը զուգահեռ, վարչապետը ՊԵԿ-ից պիտի որ ստացած լիներ նաև մեկ այլ վիճակագրություն՝ մարտի 1–ից մայիսի 31–ը ընկած ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած 5873 կազմակերպությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել