Գիտնականները կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել Միլանի և Թուրինի կոյուղաջրերի նմուշներում, որոնք հավաքվել էին դեռևս 2019 թվականի դեկտեմբերին: Սա ցույց է տալիս, որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսը շրջանառվել է դեռևս մինչ այն, երբ Չինաստանում հայտնեցին վարակման առաջին դեպքերի մասին:

Իտալիայի Առողջության ազգային ինստիտուտը 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի փետրվար ուսումնասիրել է Հյուսիսային Իտալիայում հավաքված կոյուղաջրերի 40 նմուշներ, հայտնում է dailymail.co.uk-ը: Միլանից և Թուրինից դեկտեմբերի 18-ին հավաքված նմուշներում գտել են SARS-Cov-2 նոր կորոնավիրուսի հետքեր:

«Այս հետազոտությունը կարող է օգնել հասկանալ Իտալիայում վիրուսի շրջանառման սկիզբը»,- ասել է Իտալիայի Առողջության ազգային ինստիտուտ կոյուղաջրերի հարցերով փորձագետ Ժեզեֆինա Լա Ռոսան:

Նրա խոսքով՝ դեռևս 2019 թվականի վերջին կոյուղաջրերում վիրուսի առկայությունը ցույց է տալիս, որ այս վիիրուսը կարող էր աշխարհիր տարբեր երկրներում շրջանառվել դեռևս մինչ այն, երբ Չինաստանը հայտարարեց առաջին դեպքի մասին. դա դեկտեմբերի 31-ին էր: Սա, սակայն, չի նշանակում, որ երկրում համաճարակը սկսվել է այս առաջին դեպքերից, ընդգծել է փորձագետը:

Կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել նաև 2020 թվականի հունվարին և փետրվարին Բոլոնիայից, Միլանից և Թուրինից հավաքված նմուշներում: Հոկտեմբերյան և նոյեմբերյան նմուշներում վիրուսը չի հայտնաբերվել:

Նշենք, որ Ֆրանսիայում դեռևս մայիսին բժիշկները նոր կորոնավիրուս էին հայտնաբերել պացիենտի անալիզի մեջ, որը վերցվել էր 2019 թվականի դեկտեմբերի 27-ին: Իսկ COVID-19-ի առաջին պաշտոնական դեպքը այս երկրում գրանցվել էր շուրջ մեկ ամիս հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել