Երբ բոլոր երկրներում իշխանությունները սևեռված են համաճարակի հաղթահարման վրա, Հայաստանում, որը համաճարակի ցուցանիշներով ամենավատ վիճակներից մեկում է հայտնվել, ամեն օր 5-20 հոգի է մահանում, բազմաթիվ մարդիկ տաքությամբ տանը պառկած են, թեստ անելու հնարավորություն չունեն, իշխանությունները գույքահարկ են բարձրացնում, ՍԴ-ն են ուզում յուրացնել ու քաղաքական ռեպրեսիաներ անում։ Միայն էսօր 19 հոգի է մահացել, իսկ իշխող «Իմ քայլը» ինչո՞վ է զբաղված՝ իրենց կոլեգայի՝ Նաիրա Զոհրաբյանի դեմ ինչ-որ թղթի կտոր են ՖԲ գցում։ Առողջապահության նախարարն էլ ԱԱԾ֊ին «դուխ է» տալիս, որ Ծառուկյանի դեմ գործը սարքեն։ Որ ի՞նչ, ուզում է խաղալ մարդկանց դասակարգային զգացումների հետ այնպես, որ նրանք համաձայնվեն, թե օլիգարխ կալանավորելն ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքե՞րը։ Ողջախոհ հասրակություններում աղետների դեմ բոլոր խավերը համախմբվում են, և միայն ատելությունից մթագնած մարդիկ մարդկային կյանքերի համար պատասխանատվություն պահանջելու տեղը դասակարգային թշնամանքով կհրահրվեն։

Ողջախոհ հասարակության մեջ էս պայմաններում եթե պիտի վարկաբեկվողներ լինեին, ապա միայն իշխանությունները, որի գլուխը՝ վարչապետը, էսօր համաճարակի մասին ասաց. «Բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և դրանից հետո նոր թվերը կիջնեն», ու մեղադրեց ժողովրդին աղետի համար. «Մեր հայրենակիցները քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց կյանքի, առողջության նկատմամբ», փնտրում անդիմակ մարդ, որ ճպպացնի ՖԲ պատին՝ տեսեք, ահա ժողովուրդն է մեղավոր։ Ահա Նիկոլ Փաշինյանը ո՜ւր հասցրեց «հպարտ քաղաքացիներին», որ նրա մեղքերը քողարկելու խաթեր համաձայնվում են, թե հայերը աշխարհի ամենափնթի, հիմար ժողովուրդն են, որ իրենց պատճառով համաճարակը հնձում է իրենց։

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում Հայաստանն առաջին տեղում է։ Որ պարզ լինի, թե ում ձեռքն է ընկել Հայաստանը, էս թվերին նայեք․ Վրաստանում ընդամենը 879 վարակված կա ու 14 մահ, իսկ Հայաստանում՝ 17064 վարակված և 379 մահ։ Ադրբեջանը վերցնենք, որ 10 միլիոն բնակչություն ունի՝ Հայաստանից 3 անգամ շատ, 10324 վարակված կա և 109 մահ էն դեպքում, որ Ադրբեջանում 1 միլիոն բնակչության հաշվով 38 հազար թեստ են արել՝ Հայաստանից 10 հազարով ավել, ուրեմն՝ Հայաստանում հիվանդերի թիվը շատ ավելին է։ Նայեք հետսովետական մյուս երկրների ցուցանիշները՝ 33 միլիոնանոց Ուզբեկստան՝ 19 մահ, 9,5 միլիոնանոց Տաջիկստան՝ 50 մահ, 18 միլիոնանոց Ղազախստան՝ 81 մահ, 6 միլիոնանոց Ղրղզստան՝ 27 մահ, և ահա ինչ է Փաշինյանը բերում՝ դուք էս բոլոր ժողովուրդներից վատն եք։

Իսկ էսօր էն քաղաքական գործիչները, որոնք նկատում են՝ այս աղետալի վիճակի պատճառը իշխանությունն է, և քննադատում են իշխանություններին, որ, չէ, ժողովուրդը չի վատը, դուք եք մեղավոր, նրանց դեմ քրեական գործեր են սարքում. պարզ չի՞, որ կառավարության հրաժարականի մասին խոսելու համար են Գագիկ Ծառուկյանին ուզում կալանավորել։ Հերթը Արթուր Վանեցյանին է, ապա այն քաղաքական գործչինը, ում մեջ իր իշխանությանը ամենաաշատ սպառնալիքը կտեսնի Փաշինյանը։ Աշխարհում համաճարակի վտանգի հետ կապված բանտերից մարդկանց ազատում են, «Իմ քայլը» բանտերն է լցնում։

Ու որ, ի պաշտպանություն Ծառուկյանի, աջակիցները բողոքի են դուրս գալիս, բռնում են, թե արտակարգ վիճակը խախտել եք։ Ճիշտ Սովետը, մարդուն ԿԳԲ-ն տանում էր, դե դուրս արի, բողոքի, կբռնեին-կտանեին։

Կամ Նաիրա Զոհրաբյանը դուրս է եկել, ասում է՝ չէ, ժողովուրդ, դու վատը չես, իշխանությունն է վատը, որ այս աղետին է հասցրել երկիրը, մեկ էլ նրա դեմ մի թղթի կտոր են գցում, մարդիկ էլ սկսում են զբաղվել, վայ, էս ինչ է գրել, ի՞նքն է գրել, թե՞ չէ։ Կարծես արդեն ընդունել են, որ աշխարհի ամենավատ ժողովուրդն են, անցել են թղթի կտորը քննարկելուն։

Դե որոշեք՝ ո՞րն է կարևոր՝ Նաիրա Զոհրաբյանը էդ թուղթը գրե՞լ է, թե՞ էն, որ էդ թուղթը տարածողների անպատասխանատու ու տգետ քաղաքականության պատճառով մարդիկ են մահանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել