Իշխանության քմահաճություններն ու կամայականությունները շատ թե քիչ զսպող միակ ինստիտուցիոնալ մարմինը Հայաստանում մնացել է ՍԴ-ն: Դա է պատճառը, որ անզորությունից ծնված ողջ ագրեսիվությունը Նիկոլն ուղղել է ՍԴ-ի դեմ: Հետևաբար պետք է ամեն գնով պաշտպանել Սահմանադրական դատարանը Նիկոլից, որպեսզի հեռանալուց առաջ չոչնչացնի այն, չոչնչացնի ժողովրդավարության վերջին հենասյունը:

Նիկոլի մոտ սուր է դրսևորված 2 առանձնահատկություն․

1. Սեփական ձախողումների համար մեղավորներ որոնելու առանձնահատկությունը,

2. «Հրեշի» դեմ անհանդուրժողական պայքարի իմիտացիան: Եթե «հրեշ» չկա, Նիկոլը կարողանում է արագ ստեղծել այն:

Ընդհանրապես, նպատակասլաց մարդու առջև եթե նույնիսկ փակվեն բոլոր դռները, նա, միևնույն է, պատուհանից ներս կխցկվի: Եվ քանի որ Նիկոլի մոտ լավ են ստացվում չպատճառաբանված խոսքն ու թեթևամիտ բլոգերությունը, բայց ոչ նպատակասլացությունը, իր կողմից հնչեցված խոստումներն իրականություն դարձնելու փոխարեն շարունակ հանրային ուշադրությունը տեղափոխում է կեղծ «գոյապայքարի» դաշտ: ՍԴ-ն բովանդակությամբ այնպիսի ինստիտուտ է, որ մինչև «մատդ չմտցնես բերանը, չի կծի», բայց Նիկոլը «պատուհանից ներս խցկվելու» ունակության բացակայությունը թաքցնելու համար նույնիսկ ՍԴ-ից է հրեշի կերպար ձևավորել՝ հակասահմանադրական այդ գործընթացում ակտիվորեն ներառելով իշխող խմբակցության ներկայացուցիչներին: Փաստացի, այս արարքով հեռանալուց առաջ Նիկոլն իր պատգամավորների համար ստեղծել է «հնարավորություն»` ՍԴ-ի հանդեպ գործած բռնարարքի համար հետագայում կրելու անձնական պատասխանատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել