«Էլեկտրիկ Երևանի» կարծեմ վերջին օրն էր, երբ Վլադիմիր Գասպարյանը վերջնաժամկետ էր տվել ցուցարարներին Բաղրամյանը ազատելու համար, հակառակ դեպքում սպառնացել էր ուժ կիրառել։

Ես այդ հայտարարությունից առաջ արդեն երթուղայինով տուն էի գալիս (սմարթֆոն ու համացանցին հասանելիություն չունեի այն ժամանակ) ու տուն հասա այն պահին, երբ հայրս պատրաստվում էր դուրս գալ ու իջնել Բաղրամյան։ Սկզբից զարմացավ, հետո նաև ջղայնացավ, որ հետ եմ եկել։ Ամբողջ ընթացքում տնից ցույցերին մենակ ես էի մասնակցել ու սկզբից չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մինչև «Ազատություն»-ով լսեցի Վլադիմիր Գասպարյանին։

Պարզվեց՝ այն ժամանակվա ոստիկանապետը սպառնացել էր մարդկանց, ցուցարարներին։ Ուրեմն պետք էր հնարավորինս շատ մարդ հնարավորինս կարճ ժամանակում հայտնվեր Բաղրամյանում, որ եթե ուզեին էլ, չկարողանային ուժ կիրառել։

Արագ իջանք Բաղրամյան։ Մարդկանց մի մասը, սակայն, Օպերայի բակում էր։ Հայրս մնաց Բաղրամյանում, ես գնացի Օպերա, որ հասկանամ՝ այնտեղ ինչ է կատարվում ու հետ գնամ Բաղրամյան (որովհետև ուժի կիրառման սպառնակիքը Բաղրամյանում հավաքվածներին էր վերաբերում)։ Իմ մի քանի ընկերների հանդիպեցի Օպերայում։ Խոսում էինք, ուզում էինք հասկանալ՝ ինչ կարելի է անել այդ իրավիճակում։

Մեկ էլ Օպերայի բակում հայտնվեց մի աղջիկ իրենից տարիքով մեծ կնոջ հետ (ՀԱԿ-ի շատ հայտնի ակտիվիստներից էր, անունը չեմ նշում, որովհետև աղջկան թիրախավորելը չէ խնդիրը) ու սկսեց աջ ու ձախ գոռալ մարդկանց վրա, վիրավորել ու հայհոյել (դավաճան Սերժի ստրուկներ, ստեղ եք, որ օգնեք՝ Բաղրամյանում կանգնած մարդկանց ջարդեն, որ նայեք, ուրախանաք, սրիկաներ, անասուններ)։ Պատկերացնո՞ւմ եք, երկու կին, Օպերայի բակում սենց բաներ գոռալով վիրավորում են մարդկանց, ովքեր փորձում են ելքեր գտնել իրավիճակից։

Բարեբախտաբար, մեծ պատմության չդարձավ դա։ Մի քանի մարդ կարծեմ մոտեցան, խոսեցին, բայց վերջում իրենք տենց գոռալով հեռացան։ Մեծ կռվի ամեն դեպքում չվերածվեց։

Բարեբախտաբար, նաև հավաքված մարդկանց վրա այդ օրը որևէ ուժ չկիրառվեց։

Այն ժամանակ սա այնքան աբսուրդ ու իմ ուղեղի մեջ չտեղավորվող երևույթ էր, որ ես ուղղակի մտածեցի, որ դա պոռթկում էր, ինչ-որ շատ տհաճ դիպված, բայց ոչ աշխարհայացքի արտահայտում։

Բայց երբ 2018-ին սկսվեց այս ատելության խոսքի տարափը, երբ բոլորին աջ ու ձախ սկսեցին վիրավորել, երբ հոկտեբերի 2-ին ես իմ հայրենիքում «հեղափոխությունից» հետո ապահով չէի զգում իմ քաղաքական հայացքների համար, ես հասկացա, որ այդ աղջիկն իր աշխարհայացքով հաղթել է ու եկել իշխանության։

Այս մարտավարությունը, վստահ եմ, կարճաժամկետ կտրվածքով օգնել է Նիկոլ Փաշինյանին հասնել իր նպատակներին։ Բայց ես վախենում եմ, որ մենք այս քաղաքականության երկարաժամկետ արդյունքները երբ սկսենք տեսնել, կսարսափենք, բայց արդեն ուշ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել