Մտածում եմ, ինչ մտածեմ. վիրուսային այս վիճակը լավ տեղ չի տանում:

Ոնց գցում-բռնում եմ, վերջում չի բռնվում, գցում եմ ոտքիս. ինչքան լավ ելքի տարբերակներ կային, ուշացանք:
Ինչքան էլ անհատական պատասխանատվություն չունենք այս գործընթացի կառավարման համար, այնուամենայնիվ, անտարբեր նստել ու սպասել չի ստացվում: Բայց չգիտեմ էլ՝ ինչ կարելի է անել:

Այն մի քանի ՀԿ-ականների արձագանքը այն մասին, որ տրաքում է բուժհամակարգը ու պարետատունը ձախողել է, նորություն չէ, ու դա էլ է ուշացած ու ոչ մի օգուտ չտվող:

Այն, որ այս կառավարությունը զրոյի մոտ ներառականություն ունի, և կառավարման գիտելիքներն էլ զրոյից շատ վերև չեն, ավելի է լարում վիճակը ու որևէ այլ դրսի մասնակցություն ի չիք դարձնում:

Վիճակը նման է նրա, երբ ծովահենների կողմից երկար ժամանակ գրավված նավը ազատագրելուց հետո վերջինիս կառավարումը կամովի հանձնվել է նավի վրա գտնվողների միջից ամենաբարձր գոռացողներից մեկին, ով նավի ղեկ առաջին անգամ է տեսնում, ու թարսի պես, իր ու մնացած բոլորի բախտից նավը փոթորկի միջով է անցնում: Ու սա էլ արդեն հայտարարել է, որ ինչ էլ լինի, ուրիշի ղեկի մոտ չի թողնելու, մինչև հավեսը չհանի կամ նավը չխորտակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել