Էներգախնայողությունը ամենամեծ «էներգետիկ ռեսուրսն» է. դիտարկումներ խնայողության և կորուստների մասինPanorama.am-ը գրում է.

«Գերմանիան աղքատ է բնական ռեսուրսներով», «Գերմանիան հարուստ է աղքատ հանքավայրերով» նման բազմաթիվ արտահայտություններ կարելի է գտնել գերմանական տեխնիկական և տնտեսագիտական ուղղվածության դասագրքերում: Դրան հակառակ խորհրդային տարիներին կրթական հաստատություններում սովորեցնում էին` «Խորհրդային Միությունը հարուստ է բնական պաշարներով, դրանք անսպառ են և երբեք չեն վերջանա»: Կարելի է ասել, որ իրար հակադրվող այս հայեցակարգերն էլ հենց ընկած էին այդ երկրների տնտեսական համակարգերի հիմքում: Եթե առաջին դեպքում համակարգը ենթադրում էր ռեսուրսների խնայողական և անթափոն յուրացում տեխնոլոգիաների կատարելագործման արդյունքում, ապա երկրորդ դեպքում համակարգը ենթադրում էր ռեսուրսների էքստենսիվ, անխնա և ոչ ռացիոնալ յուրացում: Բնականաբար, Գերմանիայի տնտեսական զարգացումը պետք է հիմնված լիներ ինովացիաների և տեխնոլոգիական առաջընթացի հաշվին, իսկ Խորհրդային Միության (նաև Ռուսաստանի) զարգացումը բնական ռեսուրսների արդյունահանման և արտահանման հաշվին` դառնալով հումքային մատակարար տեխնոլոգիապես զարգացած երկրների համար: 
Եվ այսպես Հայաստանը չունի վառելիքահումքային բնական պաշարներ, կախվածությունը ներկրվող բնական գազից և միջուկային վառելիքից երկար ժամանակ գերիշխող է լինելու, անսպառ բնական ռեսուրսների աղբյուրների (հողմային, արևային, երկրաջերմային) յուրացումը հեռանկարային է, սակայն դրանց կայացմանը խանգարում են օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ: Նմանատիպ պատճառներով արգելակվում է նաև այլ «մաքուր» կամ «կանաչ» այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացումը, որոնց մասին դեռ չենք խոսել: Էներգախնայողության (կամ ընդհանրապես ռեսուրսախնայողության) ներկա վիճակի և դրա կարևորության մասին նույնիսկ չարժե խոսել: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, սակայն այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության ռեսուրսների ներուժի յուրացումը, կամ այսպես ասած մեր երկրում «էներգետիկ հեղափոխության» տրասֆորմացիան բարդ է լինելու: Սուբյեկտիվ խոչընդոտները իսկապես լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս (նորից հիշենք Նուբարաշենի աղբավայրի պատմությունը, այլընտրանքային էներգիայի յուրացման տարբեր նախագծերի մեծ մասի ձգձգումը կամ ձախողումը): Նշենք, որ նաև որոշակի դրական աշխատանքներ էլ են կատարվել, ինչպես օրինակ Պուշկինի լեռնանցքում հողմակայանի կառուցումը, Լուսակերտի թռչնաֆաբրիկայում կենսագազային կայանքի կառուցումը, շոգետուրբինային էներգաբլոկի տեղադրումը Երևանի ՋԷԿ-ում, Հրազդանի շոգեգազատուրբինային 5 էներգաբլոկի կառուցումը, որոնք մի քանի անգամ խնայում են բնական գազի սպառումը: Սակայն իրավիճակը թելադրում է ավելի կտրուկ քայլեր և էներգետիկ քաղաքականության արմատական վերանայում:
Էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը հանդիսանում են բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման ամենաառաջնային խնդիրները: Ինչպիսի՞ն են էներգախնայողության և էներգաարդյունավետության ժամանակակից միտումները, որո՞նք են զարգացման առաջնահերթությունները, ո՞ր միջոցառումներն են ապահովում առավելագույն արդյունք, ինչպես խթանել սեփական հենքի վրա էներգախնա տեխնոլոգիաների զարգացումը, սրանք հարցեր են, որոնք օրակարգային են կառավարությունների համար:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել