Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ, իսկ մեր դեպքում՝ դեֆորմացմամբ: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է, որը ներառում է մարդկանց վրա ազդելու կարողությունը՝ որոշակի նպատակներին հասնելու իրենց համատեղ գործունեության կազմակերպման ուղղությամբ, նոր գաղափարներ ստեղծելու ունակություն, քաղաքական ժամանակի զգացում և քաղաքական իրազեկման ունակություն, իսկ հատկապես այսօր՝ քաղաքական վարքաբանության և պատասխանատվության զգացումը:

Հասարակության գոնե ռացիոնալ գերակայություններ ունեցող հատվածն այսօր պահանջում է ուժեղ, կիրթ, ազնիվ ազգային առաջադիմական առաջնորդություն, ով պատրաստ է հայ հասարակությանը տանել դեպի բարձր տեխնոլոգիական ու մրցակցային աշխարհ: Մեր հայրենիքը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, ինչպես նաև դինամիկ, գաղափարական և քաղաքական այնպիսի տարածքում, որն, անկասկած, հսկայական ազդեցություն է թողնում մեր երկիր վրա: Սակայն իռացիոնալ քաղաքական վարքաբանությունը և անարդյունավետ կառավարումը վերը նշված ելակետային խոտաններով ուղղակի խժռում են նույն իշխանության լեգիտիմության ողջ բազան: Այսօր ՀՀ քաղաքական ռեժիմը գտնվում է ճգնաժամի մեջ, ինչը հասարակության համակարգային վտանգների արտացոլումն է, քանզի դա ուղեկցվում է ոչ միայն ավանդական արժեքների ոչնչացմամբ, այլև առաջնորդության գաղափարի դեֆորմացմամբ և վառ անհատների պախարակմամբ:

Այն միջավայրը, որը ձևավորվել է հեղափոխակարգ իշխանության և նրա լիդերի կողմից, չունի այնպիսի բնութագրեր, որոնք կնպաստեն երիտասարդ ժամանակակից հայ մարդու անհատականության զարգացմանը: Մենք ականատես ենք այսօր արժեքային բնութագրերի, քաղաքական ղեկավարության իրական դրդապատճառների բացակայության: Այս առումով մեր հայրենիքում գերակայող է դարձել քաղաքական մշակույթի ցածր մակարդակը:

Արդեն իսկ նշմարելի է Գերագույն գլխավոր հեղափոխականի (ԳԳՀ) և նրա ֆեյք-նետոկրատիայի (netocracy) դերն իր իսկ կերպարի ձևավորման գործում, որոնք հասարակությանը ընդհանուր պատկերացում են տալիս նրա քաղաքական «գաղափարների» և ձգտումների մասին:

Կործանարար է, երբ կառավարման մեծ փորձ ունեցող գործիչների զգալի մասը հեռացվում է ակտիվ քաղաքական գործունեությունից: Իսկ բազմաթիվ մարդիկ, կուսակցություններ և շարժումներ դիմում են քաղաքական մշակույթ չունեցող ԳԳՀ-ին՝ կոչ անելով նրան գործնական քայլեր կատարել, պատասխանել տարբեր համայնքների, սոցիալական խմբերի և հասարակության լայն շերտերի հարցերին և ձգտումներին: Սակայն ստանում են պատասխան լավագույն դեպքում խորը պոպուլիզմի, իսկ վատագույն դեպքում՝ քաղաքական ինքնիրավչության տեսքով: Այս քաղաքական վարքաբանության երկարակեցությունը շատ սահմանափակ է: Այն էլ՝ այն դեպքում, երբ առկա է կառավարման արդյունավետության և քաղաքական բովանդակություն ստեղծելու շատ ցածր պոտենցիալ, որն այլևս չի կարող օգնել լեգիտիմության անկմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել