Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 և 2019թթ. ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017թ. համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։

Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլև որոշ անձինք իրենց պարտքը համարեցին «տեսակետներ» հնչեցնել և իրենց «մտորոմներով կիսվել» հանրության հետ։

Զուտ մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»։

Նախoրոք ներողություն եմ խնդրում մասնագիտական հանրությունից, որ բացատրությունս լինելու է մի փոքր «պարզունակ» (տնտեսագիտական և մասնագիտական տերմինաբանությամբ ոչ «ծանրաբեռնված»), որպեսզի հանրության հնարավորինս լայն (այդ թվում՝ ոչ մասնագիտական) շրջանակների համար լինի հնարավորինս հասանելի։

Այսպես.

2017թ. պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,158.0 մլրդ դրամ։ 2018թ. փաստացի կատարողականը կազմել է 1,258.1 մլրդ դրամ, այսինքն՝ 2017թ. համեմատ հարկային եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 100.1 մլրդ դրամ (1,258.1-1,158)։

2019թ. պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,464.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2018թ. համեմատ հարկային եկամուտների աճը 2019թ. բացարձակ թվով կազմել է 206.2 մլրդ դրամ (1,464.3-1,258.1)։

2018-2019թթ. տարեկան արդյունքներով հարկային եկամուտների աճը 2017թ. համեմատ բացարձակ թվով ընդամենը կազմել է 306.3 մլրդ դրամ (100.1+206.2):

2018թ. հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 275.7 մլրդ դրամ (որից՝ 132.7 մլրդ դրամը նախորդ ժամանակաշրջաններում հավաքած կանխավճարների գծով գերավճար, իսկ 143 մլրդ դրամը՝ ԱԱՀ-ի գծով դեբետային գերավճարների գծով պարտք)։ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 76.6 մլրդ դրամ, այսինքն՝ 01.01.2018թ․ դրությամբ առկա պարտքը հարկ վճարողների հանդեպ նվազել է 199.1 մլրդ դրամով (275.7 - 76.6)։ Ակնհայտ է, որ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքի գումարը մարվել է գեներացված (ՊԵԿ ներկայացված հարկային հաշվարկներով հայտարարագրած) հարկային եկամուտների հաշվին՝ նվազեցնելով վերջինիս փաստացի կատարողականի ցուցանիշները։

Վերոհիշյալից հետևում է, որ երկու տարվա ընթացքում (2018 և 2019թթ.) մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով (306.3+199.1), որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասն ավելացրել է պետական բյուջեի հարկային եկամուտները։

Տոկոսային արտահայտությամբ եկամուտների աճը 2017թ. համեմատ կազմում է 43.6 տոկոս (505.4/1,158.0)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել