Նավթի շուկայում տիրող իրավիճակը, բնական է, որ պիտի ազդեր նաև այս երկրի տնտեսությանը, որի բյուջեի կախվածությունը նավթային ոլորտից բավական բարձր է։

Այն, որ «նավթային դարաշրջանի» ավարտն այդ երկրում ենթադրում է տնտեսական, հետևաբար նաև՝ սոցիալական մեծ դժվարություններ ու, հետևաբար, նաև հանրային բացասական տրամադրությունների ակտիվացում, անհերքելի է։

Սա նշանակում է, որ ամեն ինչ արվելու է սպասվող հանրային ճնշումներն ու պայթյունավտանգ իրավիճակներն այլ «ջրերով» հանգցնելու համար։ Ինչպես միշտ, նման իրավիճակներում է՛լ ավելի պետք է մեծացնել մեր անվտանգային զգոնությունն, ինչը, վստահ եմ, արվել է, առկա է, արվելու է միշտ...

Բայց այստեղ ուշադրություն եմ ուզում հրավիրել մեկ այլ փաստի վրա։
Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանն անթաքույց հավակնություններ ունի այլընտրանքային էներգետիկայի ոլորտը զարգացնելու ուղղությամբ ու հիմա չի բացառվում՝ ակտիվացնի աշխատանքները։
Դա այն ոլորտն է, որի գերակայությունն ու տարածաշրջանում առաջատարություն ձեռք բերելու նպատակ ու իրական պոտենցիալ ունի մեր երկիրը։

Ուստի հենց այս ուղղությամբ եմ կոչ անում տանել հետևողական ու ակտիվ աշխատանքներ։ Հենց սա՛ կարելի է դիտարկել նաև կորոնավիրուսի հետևանքներից առաջացած հնարավորություն մեր երկրի համար, ոչ թե Ծիծեռնակաբերդի լուսային էֆեկտներն ու ալկոգելի արտադրությունը։

Մեր երկիրն ունի այս ուղղությամբ շարունակական աշխատելու լավ առիթ ու հնարավորություն, եթե եղած ռեսուրսներն ու ջանքերը տարատեսակ վերահսկողություններ իրականացնելու փոխարեն ուղղվեն այս և կայուն զարգացում խոստացող այլ ուղղություններին, եթե, իհարկե, չլինի բարդույթ, որ սա նախկինում հայտարարված և այդ ուղղությամբ տարված թեկուզ քիչ աշխատանքի շարունակությունը կարող է լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել