Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի կառավարությունը մտադիր է բացել տնտեսությունը մայիսի վերջին`կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի ռիսկը նվազագույնի հասցնելուց հետո, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյային:

Ավելի վաղ Թուրքիայի առեւտրի կենտրոնների ասոցիացիայի ղեկավարը հայտարարել էր, որ մայիսի 11-ից նախատեսվում է աստիճանական բացում՝ կախված մանրածախ առեւտրի պահանջից եւ առողջապահական մարմինների խորհրդի հավանությունից:

Նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակով՝ ավելի քան 112 000 մարդ, Թուրքիան աշխարհում յոթերորդն է: Ու թեեւ մոտ 2900 մարդ մահացել է, վերջին ութ օրվա ընթացքում նոր մահացությունների թիվը նվազել է:

«Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնտեսության վերականգնումը հնարավոր կլինի մայիսի վերջին, եւ ընթացիկ իրադարձությունները հաստատեցին դա: Կձեռնարկվեն քայլեր տնտեսության բացման ուղղությամբ՝ թույլ չտալով վարակի երկրորդ ալիք»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքերով՝ երկուշաբթի օրը Թուրքիայի կառավարությունը կքննարկի հետագա հարկային ճշգրտումները եւ աշխատատեղերը պահպանելու ու բիզնեսի ծախսերը իջեցնելու խթանները, նաեւ մտադիր է աջակցել խիստ տուժած զբոսաշրջության եւ ավիափոխադրումների ոլորտին։ Տնտեսության բացումը «թույլ կտա ՀՆԱ-ի դրական ցուցանիշներ ձեռք բերել տարվա երկրորդ կեսին եւ նվազագույնի կհասցնի անկումը այս տարի»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել